4  08.12.14 - Վերա Հովհաննիսյան, հրուշակագործ
Ուզում եմ հրուշակագործության դպրոց բացել և մնայուն արձանիկ ստեղծել

Վերա Հովհաննիսյան.

Ուզում եմ հրուշակագործության դպրոց բացել և մնայուն արձանիկ ստեղծել

PanARMENIAN.Net - Մոսկվայաբնակ հայ հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը, որը ներկայացնում էր Հայաստանը Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարների աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում, առաջին տեղով ու գավաթով է վերադարձել: Կարամելից աչքերով ու ամբողջությամբ շաքարից պատրաստված «Երեք հրացանակակիրների» համար նա 100 միավոր է վաստակել` 100 հնարավորից: Ինչպես ինքն է խոստովանում՝ բացի այն, որ քաղցրից անհավատալի քանդակներ է անում, նաև քաղցրակեր է: PanARMENIAN.Net-ը զրուցել է հրուշակագործի հետ ու պարզել, թե ինչպես է պատրաստվել մրցույթին, ինչպես նաև հետագա պլաններն ու անելիքները, իսկ PAN Photo-ն լուսանկարել նրան:

Հրուշակագործ մոդելավորողը

Ինչ ինձ հիշում եմ՝ հրուշակագործությամբ ու հրուշակագործներով եմ շրջապատված: Ծնողներս խմորեղենի արտադրամաս ունեին, ուր դեռ մանկուց շատ հաճախ էի գնում: Արդյունքում ինքնստինքյան սիրեցի այդ գործը, բայց մինչև 19 տարեկանն այն միայն հոբբի էր: Մասնագիտությամբ նկարչուհի եմ, դիզայնի ֆակուլտետում եմ սովորել: Հիմա ժամանակ առ ժամանակ, երբ մտածում եմ, որ հանկարծ կարող եմ ինչ-որ մրցույթում պարտվել, առաջինը, ինչ մտքիս գալիս է՝ վերջ, եթե չհաղթեմ, կսկսեմ մոդելավորողի աշխատանքով զբաղվել:

Հրուշակագործության մեջ մասնագիտացա, երբ առաջարկեցին մասնակցել Մալթայում անցնող մրցույթին: Չհրաժարվեցի, շաքարից ջրահարս պատրաստեցի ու դրանով ներկայացա: Դրանից հետո արդեն պարբերաբար սկսեցի տարբեր մրցույթների մասնակցել:

Երբ ինչ-որ աշխատանք եմ անում, պետք է նախ ինքս գնահատեմ այն, հետո նոր մյուսներին ներկայացնեմ՝ ամենակարևորն իմ գնահատականն է: Ինքս իմ հանդեպ շատ խիստ եմ: Երբ ինչ-որ բան դուրս չի գալիս, այնքան եմ աշխատում, փորում, մինչև սկսեմ հավանել: Ինչո՞ւ աշխատանքս պետք է ավելի լավը չլինի, հատկապես, եթե կարող եմ այն այդպիսինը դարձնել: Հաղթանակած քանդակս էլ բացառություն չէր՝ իմ գնահատականը ստանալուց հետո նոր այն պետք է գնար մրցույթի: Ասեմ նաև, որ նույնիսկ աշխատանքս ավարտելուց հետո բավականին թերություններ եմ գտել, չնայած, դրանք, հավանաբար, միայն ես նկատեցի:

Կատուների վրա աշխատանքը մոտ 2 ամիս է տևել, գիշերներով չէի քնում, աշխատում էի, որ հասցնեմ: Նախ էսքիզներ էի գծել, ապա կոնստրուկցիա մշակել, չափել, հաշվարկել, հավաքել այն... Կարկասը պոչից է հավաքված, դրա համար էլ հեռվից նայելիս վիզուալ թվում է, թե կենդանիները թռիչքի մեջ են:

Դեպի Լյուքսեմբուրգ

Ճանապարհին նույնիսկ չէի մտածում հաղթանակի մասին: Միակ միտքս էր աշխատանքս բարեհաջող տեղ հասցնել: Քանի որ այն մեծ էր, գնացվոք էի տարել, հատուկ տուփերով փաթեթավորված: Այնուամենայնիվ, այդքան էլ բախտս չբերեց. կատուներս վնասվել էին, որոշ մասնիկներ էին կոտրվել: Ու Լյուքսեմբուրգում մինչև մրցույթի օրը շրջելու փոխարեն դրանց վերանորոգմամբ էի զբաղված:

Կատուներ քանդակելու գաղափարը վաղուց կար, ու երբ որոշեցի մասնակցել մրցույթին, մտածեցի, որ հենց դրանց էլ կներկայացնեմ: Ինքս մուլտերի մեծ սիրահար եմ ու աշխատանքներիս մեծամասնությունը հենց դրանց հերոսներն են: Բացի այդ, մասնակցության պայմանների մեջ նշված էր, որ նեգատիվ քանդակները ցանկալի չեն: Այսինքն, կարող ես քանդակել, բայց դա հաստատ բացասաբար կազդի միավորներիդ վրա: Ամեն դեպքում, նման քանդակներ կային, ու բավականին գեղեցիկ: Բայց երևի ժյուրին նախընտրում էր դրականը: Բացի այդ, ինքս լուրջ թեմաներ չեմ սիրում՝ մարդկանց դրանք հետաքրքիր չեն: Նրանք «երեխայական» թեմաներ են նախընտրում, որոնք մանկությունն են հիշեցնում: Կուզեի, իհարկե, բոլորին հայտնի հերոսների փոխարեն իմը հորինել, բայց այս մրցույթի շրջանակում կատուների տարբերակն ավելի հաջողված էր լինելու՝ մարդիկ ճանաչում են նրանց:

Ամռանը մի պահ մտածում էի գուցե այս տարի չմասնակցեմ, որովհետև եթե ցածր գնահատական ստանայի, շատ կկոտրվեի ու, հնարավոր է, այլևս առհասարակ չկարողանայի զբաղվել այս գործով: Հետո տեսա, որ քույրիկս իր ձկներին արդեն պատրաստում է, ու որոշեցի՝ պետք է ես էլ անեմ: Այսինքն, քույրս ինձ դրդեց, որ սկսեմ աշխատել, շատ մեծ էնտուզիազմով էր քանդակում: Նա արդեն 3-րդ անգամն է մասնակցում, ու ամեն անգամ էլ ոսկե մեդալով է վերադարձել, ինչպես նաև այս անգամ: Այս տարի ձկների էր քանդակել:

Երազանքը

Շաքարից արձանիկներս տարիներով կարող են պահվել, բայց ոչ դարերով: Ուզում եմ այնպիսի մի բան ստեղծել, որ մնայուն լինի: Բայց դեռևս չեմ փորձել շոկոլադից բացի ինչ-որ այլ նյութով աշխատել:

Պարտքն ու պլանները

Հիմա արդեն պարտքս եմ համարում բոլոր ցանկացողներին փորձս ու գիտելիքներս փոխանցել, դրա համար ապագայում նախատեսում եմ հրուշակագործության դպրոց բացել Մոսկվայում: Ուզում եմ, որ գործս շարունակվի: Այնքան եմ ուրախանում, երբ ինչ-որ մեկին սովորեցնում եմ, ու տեսնում, որ մոտը ստացվում է: Շատ կարևոր է ձեռագիրդ տեսնել ինչ-որ մեկի աշխատանքի մեջ:

Նաև պլաններ ունեմ շաքարից պատրաստված շորերի հավաքածու ստեղծել, ցուցադրություն կազմակերպել: Հավանաբար դա կարվի մոդելավորողի հետ գործակցությամբ, բայց չի բացառվում նաև, որ հենց ինքս կանեմ ամենը: Նմանատիպ բազմաթիվ գաղափարներ ունեմ, մնում է ժամանակ գտնեմ ու կարողանամ իրագործել դրանք:

Անհատական այս հաղթանակս ինձ բավարար է: Հավանաբար, դրանով էլ կսահմանափակվեմ ու այլևս անհատապես մրցույթների չեմ մասնակցի: Փոխարենը կօգնեմ մյուսներին մասնակցել, կամ Հայաստանի թիմով հանդես կգանք: Խոհարարների ասոցիացիայի հետ որոշել են թիմ կազմել ու ազգային սեղանով ներկայանալ, ծածանել հայկական եռագույնը: Մնում է իրագործենք:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Լուսանկարները՝ Վահան Ստեփանյան / PAN Photo, Վերա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
---