Սիլիկոնյան հովտի հեղինակավոր ներդրողները կաշխատեն հայ ձեռներեցների հետ

Ջեմմա Իսրայելյան.

Սիլիկոնյան հովտի հեղինակավոր ներդրողները կաշխատեն հայ ձեռներեցների հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-19-ը Երևանում ձեռներեցների համար աշխատաժողով է կայանալու, որի ընթացքում Սիլիկոնյան հովտից ժամանած մասնագետները հայ ձեռներեցների հետ կկիսվեն սեփական փորձով, ինչպես նաև կպատմեն արտասահմանյան ներդրողների հետ կապեր հաստատելու ու գաղափարը ճիշտ ներկայացնելու մասին: «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի տնօրեն Ջեմմա Իսրայելյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է աշխատաժողովի մանրամասները:
Ի՞նչ գործունեություն է ծավալում «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն»-ն ու ինչպե՞ս է այն աշխատում:
Հայաստանյան CEED կենտրոնը հիմնադրվել է 2012-ին: Մեր առաքելությունն է աջակցել ձեռներեցներին իրենց ընկերությունների զարգացման գործում՝ հնարավորություններ ստեղծելով սովորելու փորձառու գործարարներից և բիզնես կապեր հաստատելու Հայաստանում և արտասահմանում, որպեսզի իրենք, հասնելով հաջողությունների, դրանով իսկ խթանեն տնտեսության աճը և աշխատատեղեր ստեղծեն: CEED-ը ներկայացված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում և հիմնադրված է զարգացող շուկաներում ձեռներեցների հետ աշխատող «Փոքր ձեռնարկությունների աջակցության ֆոնդեր» ներդրումային ընկերության կողմից:

Այս տարիների ընթացքում հայաստանյան CEED կենտրոնը իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված ձեռներեցների և իրենց ընկերությունների ղեկավար թիմերի զարգացմանը, ինչպես նաև ձեռներեցության նորարական մոտեցումների կիրառմանը: Օրինակ, CEED-ի Top Class ծրագրի շրջանակում ձեռներեցները մասնակցել են փորձառու գործարարների կողմից իրականացվող փորձի փոխանակման դասընթացներին, այցելել մի շարք երկրներ և հանդիպել Իսրայելի, Հորդանանի, Լեհաստանի, Խորվատիայի, Մարոկոյի և այլ երկրների առաջատար ընկերությունների հետ: CEED-ը նաև հնարավորություններ է ստեղծել հանդիպելու Skype-ի համահինադրի, Twitter-ի առաջին ներդրողներից մեկի, Priceline.com-ի համահիմնադրի և այլ ակնառու գործարարների հետ:

Նոյեմբերին Երևանում ձեռներեցների համար նախատեսված Perfect Pitch աշխատաժողով եք նախաձեռնել: Ինչպե՞ս առաջացավ այն կազմակերպելու միտքը և ինչպե՞ս Ձեզ հաջողվեց Սիլիկոնյան հովտից այսքան փորձառու ներդրողներ հրավիրել Հայաստան:
Արդեն մի քանի տարի է՝ գործակցում ենք «Ռոդա գրուպ» ներդրումային ընկերության նախագահ Ռոջեր Ստրաուքի հետ մեր այլ ծրագրերի շրջանակում: Քանի որ Ռոջերը և ներդրողի, և ձեռներեցի դերում մեծ հաջողությունների է հասել, երկու տեսակետն էլ հասկանում է և կարողանում ձեռներեցներին տալ այնպիսի խորհուրդներ, որոնց կիրառմամբ հաջողությունների հասնելու մասին մեզ ուրախությամբ պատմում են: Մի քանի ամիս առաջ Ռոջերի հետ խոսելիս պարզեցինք, որ երկուսս էլ համարում ենք գաղափարները արդյունավետ ներկայացնելու կարողությունների զարգացումը մեր ձեռներեցների հետագա հաջողության կարևորագույն պայմաններից մեկը: Ուզում էինք լավագույններից սովորելու հնարավորություն ստեղծել և ուրախ ենք, որ Սիլիկոնյան հովտի հեղինակավոր ներդրողներից մեկը՝ Ռոն Ուասմենը, ընդունեց գործակցելու հրավերը: Ուասմենը երկար տարիներ աշխատել է Սթիվ Ջոբսի հետ և հանդիսացել ավելի քան 25 ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Մեզ համար պատիվ է, որ այս նախաձեռնության շրջանակում մեր գործընկերներն են Deem Communication-ը և Կենտրոնական բանկը: Ուրախ եմ, որ հայաստանյան ձեռներեցների համար նման աշխատաժողով կազմակերպելու հնարավորություն ունենք:

Ո՞ւր է պետք դիմել մասնակցելու համար և ինչպիսի՞ մասնակիցների եք ակնկալում:
Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են պայմաններին ծանոթանալ և մասնակցելու դիմում լրացնել մեր կայքում: Ներկայացված դիմումների հիման վրա կընտրվի խումբ, որը կլինի բավականին փոքր, որպեսզի մասնակիցները վարողների հետ անհատապես աշխատելու հնարավորություն ունենան և լսեն այս փորձառու մասնագետների կարծիքներն ու խորհուրդներն իրենց բիզնես գաղափարների վերաբերյալ:

Ակնկալում ենք, որ խումբը հիմնականում բաղկացած կլինի ձեռներեցներից, որոնց գաղափարները հասուն են և ներդրողներին ներկայացնելու փուլում են: Սա նշանակում է, որ գաղափարներն իրականացնելու առաջին քայլերն արդեն արված են, նախնական քննարկումներ են եղել հետագա հաճախորդների հետ, և որոշ աշխատանք է տարվել բիզնես մոդելը մշակելու ողղությամբ: Սակայն ավելի վաղ փուլում գտնվող ձեռներեցների համար աշխատաժողովը նույնպես օգտակար կլինի, քանի որ դրա ժամանակ կպարզաբանվեն բիզնեսին վերաբերող այս և մի շարք այլ հարցեր՝ օգնելու մասնակիցներին առավել արդյունավետ զարգացնելու իրենց գաղափարները:

Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ սեմինարի մասնակիցները:
Բացի ընկերություն հիմնադրելուն վերաբերող մի շարք հարցերից,կքննարկվեն ներդրողների մտածելակերպն ու բիզնես գաղափարները գնահատելու մոտեցումները: Մասնակիցները կաշխատեն գաղափարները 20 րոպեումարդյունավետ ներկայացնելու կարողությունների զարգացման վրա, կլսեն վարողների և մասնակիցների կարծիքները և խորհուրդներ կստանան իրենց գաղափարների վերաբերյալ: Կսովերեն նաև հանդես գալ այսպես կոչված «վերելակային ներկայացումով» (elevator pitch), այսինք՝ կարճ ժամանակում ներկայացնել իրենց գաղափարի էությունը՝ ճիշտ շեշտադրումներ կատարելով և զրուցակցի մոտ հետաքրքրություն առաջացնելով: Ծրագրի մանրամասները ներկայացված են մեր կայքում:

Ի՞նչպես հայաստանյան ձեռներեցները կարող են կապեր հաստատել արտասահմանյան ներդրողների հետ: Նախատեսու՞մ եք նման ծրագրեր իրականացնել:
Ձեռներեցների հետ գրեթե տասը տարի աշխատելու ընթացքում CEED կենտրոնների ցանցը մշակել է ձեռներեցության ճանապարհին տարբեր փուլերում նրանց աջակցելու ծրագրեր: Մեր նոր ծրագրերից մեկը՝ CEED Global Club-ը, միավորում է մի շարք երկրներից ձեռներեցների՝ միասին սովորելու, նոր շուկաներ ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով: Մեկ շաբաթ առաջ CEED Global Club-ի անդամներից բաղկացած մի խումբ, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանը, անցելեց Լոնդոն՝ այնտեղ ներդրողների և գործարարների հետ ծանոթանալու և գործակցության հնարավորություններ քննարկելու նպատակով: Այս ամռանը նման ճանապարհորդություն դեպի Նյու Յորք էր կազմակերպվել: Մեր ամենամյա միջազգային կոնֆերանսներին նույնպես հնարավորություն է ընձեռվում ներդրողներին բիզնես գաղափարներ ներկայացնել հատուկ «ներդրումային տարածքներում»: Կազմակերպելով այս աշխատաժողովը՝ նպատակ ունենք օգնելու ձեռներեցներին պատրաստվել նման առիթներին և արդյունավետ օգտագործել ներդրողների հետ հանդիպելու հնարավորությունները:

---