Կրծքով կերակրումը մայրերի հաղթանակն է

Լիանա Հովակիմյան, Մերի Ներսիսյան.

Կրծքով կերակրումը մայրերի հաղթանակն է

PanARMENIAN.Net - Կրծքով կերակրումը մոր հաղթանակն է ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով: Հայաստանի հանրապետության 4 մարզի՝ Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի և Երևանի ապագա այն մայրիկները, որոնք ընտրել են կրծքով կերակրումը, Հայաստանում մեկնարկած Կրծքով կերակրման հաղթարշավի դեմքը դառնալու և մրցանակներ ստանալու հնարավորություն ունեն: Հաղթարշավի մանրամասները ներկայացնում են ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը:
Տարիներ շարունակ տեսնում ենք, թե մեկը մյուսի հետևից ինչպես են իրականանում Հայաստանում կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ՅՈւՆԻՍԵՖ-ի ծրագրերը: Ինչո՞ւ է այդքան կարևոր շարունակաբար խոսել կրծքով կերակրելու կարևորության, առավելությունների, ոգևորող կամ հիասթափեցնող վիճակագրական տվյալների մասին:

Լիանա Հովակիմյան. Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայում։ Կրծքով համապատասխան սնուցումը մանկական մահացությունը նվազեցնելու և երեխայի ֆիզիկական ու հուզական զարգացումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից է։ Առաջին վեց ամսվա ընթացքում բացառապես կրծքով սնուցումը նպաստում է կրծքի և վաղ հասակի երեխաների առողջության ամրապնդմանը, սնուցման վիճակի բարելավմանը և ֆիզիկական ու նյարդահոգեբանական զարգացմանը:

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահվան 13%-ը: Հաշվարկված է, որ եթե բոլոր երեխաները կերակրվեն բացառապես կրծքով, ծննդյան պահից մինչև վեց ամսականը լրանալը, աշխարհում տարեկան 1,4 մլն մանկան կյանք կփրկվի, տասնյակ միլիոնավոր երեխաներ էլ ավելի առողջ կլինեն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել: Պետք է նաև շեշտել, որ կրծքով սնուցումը ոչ միայն նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, այլև մոր և մանկան միջև կապի առաջացմանը: Կարծում եմ՝ բոլոր այս փաստերն ու տվյալները բավական են համոզվելու, որ քանի դեռ մեր երկրում կան մայրեր, որոնք այս կամ այն պատճառով հրաժարվում են կրծքով կերակրելուց, աշխատանքները չպետք է դադարեն:

Ծրագիրը, որը մեկնարկել է հունիսի 27-ին, կոչվում է «Կրծքով կերակրման հաղթարշավ»: «Հաղթարշավ» բառը մի փոքր անսպասելի է հնչում այս թեմայի ենթատեքստում:
Մերի Ներսիսյան. Անսպասելի, բայց արդարացված: Հաղթարշավի առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն է: Ապացուցելու, որ Հայաստանում կանայք գիտեն կրծքով կերակրման առավելությունների մասին, մենք փնտրում, գտնում ու ներկայացնում ենք մայրերի, որոնք բնազդաբար կամ գիտակցաբար, հեշտությամբ կամ դժվարություններ հաղթահարելով ընտրել են կրծքով կերակրումը: Նրանց օրինակները ոգեշնչում են, դրանք բաց նամակներ են ապագա ու նորատի մայրերին այն մասին, որ միայն մայրը կարող է իր երեխային տալ լավագույնը՝ սնունդ, որը ոչ միայն հագեցնում, այլև պաշտպանում է երեխային ամենատարբեր հիվանդություններից: Եթե երեխան կերակրվում է կրծքով, ապա դա և երեխայի, և մոր հաղթանակն է՝ հաղթանակ, որը մոր և մանկան առողջ ապագայի կարևորագույն հիմքերից է: Հենց այդ գաղափարից էլ գալիս է ծրագրի անվանումը՝ «Կրծքով կերակրման հաղթարշավ»:

Եվ ի՞նչ միջոցով, ինչպե՞ս է հաղթարշավն «աշխատելու»:
Մ.Ն. - Հաղթարշավի «մեխը» լուսանկարների և պատմությունների մրցույթ է, որին կարող են մասնակցել հղի կանայք, ներկայում կրծքով կերակրող մայրեր և նրանք, ովքեր ունեն մինչև հինգ տարեկան երեխա կամ երեխաներ, ում կերակրել են կրծքով: Մի փոքր կանոնների մասին.

• Հղի կանայք պետք է ուղարկեն հղիության ընթացքում արված իրենց լուսանկարն ու գրեն, թե ինչու են որոշել ապագայում երեխային կրծքով կերակրել:

• Ներկայում կերակրող մայրերը պետք է լուսանկարվեն երեխայի հետ կրծքով կերակրման ժամանակ, ուղարկեն լուսանկարն ու գրեն, թե ինչու են կարևորել կրծքով սնուցումը, թե ինչպիսի հաճույք է պատճառում գործընթացը մայրիկին, արդյոք հանդիպել են դժվարությունների փոքրիկին կրծքով կերակրելու ճանապարհին. ինչպես են հաղթահարել խնդիրները:

• Մինչև հինգ տարեկան երեխաներ ունեցող մայրերն, ովքեր իրենց երեխային կամ երեխաներին կերակրել են կրծքով պետք է ուղարկեն երեխայի (երեխաների) լուսանկարներն ու պատմեն, թե իրենց կարծիքով կրծքով կերակրումն ինչպես է ազդել երեխայի (երեխաների) առողջության վրա:

Լուսանկարների և պատմությունների ընդունման վերջաժամկետը հուլիսի 22-ն է: Բոլոր լուսանկարներն ու պատմությունները կհրապարակվեն, հետո էլ մասնագետների թիմը կընտրի լավագույնները, որոնց հեղինակները կմասնակցեն պրոֆեսիոնալ լուսանկարահանումների: Այդ լուսանկարները կհայտնվեն ֆեյսբուքում: Ամենամեծ թվով լայքեր հավաքած լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն և հաղթարշավի դեմքը դառնալու բացառիկ հնարավորություն կունենան:

Մի փոքր մանրամասնեք «հաղթարշավի դեմք» ձևակերպումը:
Լ.Հ. - Նախատեսված է հաղթողների լուսանկարներով և կրծքով կերակրման խրախուսման հաղորդագրություններով գրավիչ պաստառների տպագրություն: Դրանք տարբեր ֆորմատներով կտեղադրվեն մասնակից մարզերի և Երևանի ծննդատներում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում և այլուր: Յուրաքանչյուր մարզկենտրոնում և Երևանում կտեղադրվեն նաև մեծ վահանականեր: Բայց դա դեռ ամենը չէ: Հաղթարշավը կամփոփենք երևանյան մամուլի ասուլիսով, որին հրավիրված կլինեն նաև մրցույթի հաղթողները: Այդ օրը նրանք նաև կպարգևատրվեն. շատ գեղեցիկ մրցանակներ ունենք նրանց համար: Այս ամենից ավելի կարևորում ենք այն հանգամանքը, որ մասնակից ու հաղթող կանայք ակամա կվերածվեն կրծքով կերակրման ջատագովների, կօգնեն նաև այլ կանանց ընտրել երեխայի խնամքի ու սնուցման լավագույն եղանակը:

Մնում է նշեք, թե ցանկացողներն ինչպես և ուր պետք է ուղարկեն իրենց լուսանկարներն ու պատմությունները:
Լ.Հ. - Գործում է հաղթարշավի պաշտոնական կայքը, բացի այդլուսանկարներն ու պատմությունները մասնակիցները կարող են ուղարկել էլ փոստին կամ Unicef Armenia-ի ֆեյսբուքյան էջին:

---