// IP Marketing video - START// IP Marketing video - END
ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, հարկային օրենսգիրքը, կապիտալի արտահոսքն ու ներդրումային ծրագրերը

Վահագն Լալայան.

ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, հարկային օրենսգիրքը, կապիտալի արտահոսքն ու ներդրումային ծրագրերը

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը սկսել է ներդրումային ծրագրերի հավաքագրման աշխատանքներ իրականացնել` նպատակ ունենալով դրանք տրամադրել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև՝ պոտենցիալ ներդրողներին: Այս նպատակի համար ստեղծվել է ներդրումային ծրագրերի հարթակը: PanARMENIAN.Net-ը զրուցել է նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանի հետ՝ պարզելով՝ ինչպես է գործելու նոր հարթակը, ինչպես նաև՝ խոսել ՀՀ-ում կատարվող արտասահմանյան ներդրումների ծավալների, դրանք ավելացնելուն ուղղված քայլերի, նաև՝ «չհաջողված» ներդրումների մասին:
Վերջերս ընդունված Հարկային նոր օրենսգիրքը դիվիդենտների հարկում է սահմանում: Ի՞նչ եք կարծում՝ դրանով Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելանում է:
Մեր դիրքորոշումն ի սկզբանե եղել է, որ դիվիդենտները չհարկվեն, իսկ հարկվելու դեպքում, գոնե հարկվեն միանման հարկադրույքներով, ոչ թե լինի խտրականություն տեղական և օտարերկրյա ռեզիդենտների միջև: Բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք: Այժմ քննարկման փուլում են նոր օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու հարցերը, սակայն, տեսնենք՝ ինչ կստացվի:

Պատահում է նաև այնպես, որ Հայաստան խոշոր միջազգային ընկերություն է գալիս, խոշոր ներդում անում, սակայն մի քանի տարի անց հեռանում երկրից, օրինակ՝ «Օրանժը», կամ՝ «Քարֆուրը», որը գրեթե փակման եզրին է: Ո՞րն է պատճառը՝ խիստ մրցակցությունը, շուկայական հարաբերությունները, թե պարզապես խտրական վերաբերմունքը և խաղի տարբեր կանոնները:
Պետք է կոնկրետ ուսումնասիրենք յուրաքանչյուր դեպքը: Չհաջողված ներդրումը լայն հասկացություն է: Նույն «Օրանժը» մի քանի տարի աշխատել է, շահույթ ունեցել, հետո շուկայական պայմանները փոփոխվել են, տեսել է, որ այդքան էլ արդյունավետ չի Հայաստանում իրենց համար աշխատելը, բայց իրենց տեղը շուկայում մեկ այլ ընկերություն է գրավել, շուկան բաց չի մնացել: Պետք է յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ուսումնասիրել ու հասկանալ՝ ինչն է պատճառը: Այդյո՞ք եղել են տնտեսական պատճառներ, սխալ մենեջմենթ, թե` եղել է ոչ մրցակցային կամ անբարեխիղճ մրցակցության խնդիր:

Իսկ արդյոք նման դեպքերը չեն անդրադառնում Հայաստանի միջազգային համբավի վրա՝ որպես ներդրումների համար բարենպաստ միջավայր ունեցող երկրի:
Եթե դեպքը ոչ բարեխիղճ մրցակցության հետևանքով է գրանցվել, բնականաբար գցում է, բայց եթե պատճառը տնտեսական է՝ ճիշտ չեն հաշվարկել, բարեխիղճ, բայց ուժգին մրցակցույթուն է եղել, դա պետության համբավի վրա չի ազդում: Կա միջազգային վիճակագրություն, ըստ որի ընդամենը 10-20 տոկոս ընկերություններն են ամբողջ աշխարհում հասնում իրենց 5-ամյակին: Մեծ մասը չեն կարողանում 5 տարի գոյատևել: Ընկերությունները փակվում են, բացվում են նորերը, դա շուկայական բնականոն հարաբերությունների հետևանքով է:

Եթե օտարերկրյա ներդրողները հաջողության չեն հասնում, և պատճառը վարչարարությունն է կամ ոչ բարեխիղճ մրցակցության պատճառով է, դա, իհարկե, լավ չէ, բայց եթե տնտեսական հիմքերով է և կապված է հենց ընկերության գործունեության կամ շուկայական պայմանների հետ, բնականոն, սովորական բիզնեսի ռիսկերի մեջ է մտնում:

Եթե խնդիրներ են լինում, փորձում ենք արձագանքնել, հասկանալ խնդիրները, օգնել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016-ի առաջին 6 ամսում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -16.919 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը՝ 16.577 մլրդ դրամ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանից կապիտալի արտահոսք է գրանցվում:
Սա մեթոդաբանության խնդիր է: Ըստ այս հաշվարկների, եթե մի ընկերույթուն վնասով է աշխատել, և վնասը կազմել է 1 մլն դոլար, դա ԱՎԾ տվյալներում երևալու է բացասական նշանով: Կամ վերցրել են վարկ, որը մարել են: Դա էլ է գրանցվում բացասական նշանով, բայց տրամաբանությունը բոլորովին այլ է: Դա չի նշանակում՝ ներդրում անել արտասահմանում, կամ գումարները երկրից զարտուղի ճանապարհներով դուրս հանել:

Բայց նշվում է, որ ուղղակի ներդրումները կազմել են 16.5 մլրդ դրամ: Ի՞նչ կասեք:
Պետք է նայել ըստ ընկերությունների, հասկանալ՝ կոնկրետ՝ դիվիդենտներ ե՞ն տրվել, թե` վնասով են աշխատել, թե` ընկերությունն է փակվել-գնացել: Այստեղ շատ տարբերակներ կարող են լինել: Օրինակ, եթե հանքագործության ոլորտում Գերմանիայից, նայում ենք՝ հունվար-սեպտեմբերին եղել է -5 մլրդ դրամ, մենք գիտենք, որ հանքագործության ոլորտում Գերմանիայից ներդրումներ ունենք: Նաև գիտենք, որ պղնձի գները շուկայում նվազել են՝ տարեսկզբից կտրուկ նվազում էին: Այս դեպքում կարող ենք ենթադրել, որ հնարավոր է ընկերությունը վնասով է աշխատել: Եվ ուրեմն, արդյո՞ք դա կապիտալի արտահոսք է:

Պետք է նաև թվերը վերլուծենք ընդհանուր դինամիկայի մեջ: Ճիշտ է, ընդհանուր առմամբ վերջին տարիներին ներդրումների նվազում է նկատվում։ Չեմ կարող ասել, թե ամեն ինչ լավ է: Բայց, միանշանակ, եզրակացություններ անելու համար պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ անել:

Ընդհանուր, եթե հոսքերը վերցնենք, գումարենք՝ այսքան եկավ, այսքան գնաց, ստացվում է նվազում: Այս պահի դրությամբ դա կարող ենք փաստել: Բայց թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս է ստացվել բացասական թիվ, դա առանձին հարց է և չի նշանակում, որ անպայման բացասական երևույթների պատճառով է եղել:

Իսկ ի՞նչ ծրագրեր է իրականացնում նախարարությունը կապիտալի արտահոսքը կանխելու և նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Մենք 4 ուղղությունով ենք աշխատում, որպեսզի ավելացնենք ներդրումները:

Առաջինն օրենսդրակաան փոփոխություններն են, որոնցով փորձում ենք բարելավել ներդրումային միջավայրը: Մենք հիմա օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք ենք նախաձեռնել, նախագիծն ունենք, շուտով կուղարկենք կառավարություն: Նաև նոր օրենսդրություն ենք մշակում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) վերաբերյալ, որ ավելի հեշտ լինի ՊՄԳ ծրագրեր իրականացնել: Տարբեր տեսակի ընթացակարգերը հնարավորինս պարզեցնում ենք:

2-րդ ուղղությունը ներդրումային ծրագրերն են. այդ թվում` ներդրումային ծրագրերի հարթակի միջոցով փորձում ենք ներդրումներ գրավել:

3-րդ ուղղությունը տարբեր մեխանիզմների միջոցով ներդրողներին աջակցելն է: Աշխատում ենք նոր արտոնություններ, մեխանիզմներ մշակելու վրա:

4-րդ ուղղությունը՝ Հայաստանի՝ որպես ներդրումային գրավչություն ունեցող երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներն են՝ միջազգային գործարար համաժողովներում , ցուցահանդեսներում այլ խոշոր միջոցառումներում երկրի ներդրումային հնարավորությունները և ծրագրերը ներկայացնելու միջոցով:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ներդրումային ծրագրերի հարթակը և ինչպե՞ս է այն գործելու:
Նախարարության կայքում մի նոր էջ ենք ստեղծել, որի միջոցով գործարարները կամ պարզապես մարդիկ, որ ունեն իրատեսական բիզնես գաղափարներ, ծրագրեր, կարող են լրացնել ձևանմուշը, մեզ հետ կապ հաստատել, և մենք նրանց կօգնենք արտասահմանյան ներդրողներ փնտրել: Մենք էլ նայում ենք ծրագրերը, հարկ եղած դեպքում՝ օգնում ենք, որ լրացնեն հայտը: Այնուհետև հղկում ենք ներկայացված ծրագրերը, բերում ենք պատշաճ վիճակի, հավաքագրում ենք դրանք, որ հետագայում ներկայացնենք մեր դիվանագիտական ներկայացուցչություններին ամբողջ աշխարհում: Այնուհետև, ըստ ծրագրի, արդեն նրանք պետք է աշխատեն նոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: Կամ, եթե մեծ ծրագրեր են լինում, ինքներս ենք տարբեր խողովակներով դրանք ներկայացնում պոտենցիալ ներդրողներին:

Քանի՞ ծրագիր եք արդեն ստացել:
Արդեն իսկ 8 ծրագիր ենք ստացել: Դրանցից 1-2-ը խոշոր ծրագրեր են, մնացածը՝ ավելի փոքր: Կա և բյուրեղների աճեցման ծրագիր, և արտադրական տարբեր ծրագրեր, մալուխների արտադրություն, խոզաբուծարանի կառուցման նախագիծ: Այս փուլում մեր հիմնական նպատակն իրատեսական ներդրումային ծրագրեր հավաքելն է: Այլ հարց է՝ կհետաքրքրեն դրանք ներդրողներին, թե՝ ոչ:

Հաջորդ փուլում նախատեսում ենք Ներդրումային հիմնադրամ ստեղծել, որի միջոցով լավագույն ծրագրերում մենք էլ ներդրում կկատարենք: Բայց առայժմ միայն միջնորդի դեր ենք կատարում գործարարների և պոտենցիալ ներդրողների միջև:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ ներդրողների ուշադրությունը գրավելու համար:
Ներդրում գրավելու համար առաջին հերթին պետք է լինի հստակ ծրագիր, ներկայացվեն նվազագույն ֆինանսական հոսքերը, որքան կկազմի շահութաբերությունը: Միայն գաղափարը, անգամ եթե շատ լավն է, քիչ է: Պետք է ճիշտ ներկայացվի, քանի որ կարող է լինել շատ լավ ծրագիր, սակայն՝ ոչ շահութաբեր:

Հայաստանում ո՞ր ոլորտներն են գրավիչ օտարերկրյա ներդրողների համար:
Կան ոլորտներ Հայաստանում, որոնք կարող են հետաքրքիր լինել և հետաքրքիր են օտարերկրյա ներդրողների համար: Դա և զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտն է, և՛ սննդի արդյունաբերության՝ գյուղմթերքի վերամշակում, ջերմոցային տնտեսություն և այլն, և՛ ոսկերչության, ադամանդագործության, և՛ հանքագոծության, և՛ ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն, և՛ անշարժ գույքի:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ուշադրության կենտրոնում
ՄԱԿ. Հայաստանի ՀՆԱ-ն 2017-ին կանխատեսվում է 5,8%

ՄԱԿ. Հայաստանի ՀՆԱ-ն 2017-ին կանխատեսվում է 5,8% ՀՀ-ում տնտեսությունը կտրուկ աճ է արձանագրել արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճի պայմաններում, ասվում է զեկույցում