Արմեն Ամիրյան.Ստորջրյա թանգարանի, մարզերում անվճար գրքերի և մրցունակ կինոյի մասին10 մարտի 2017 PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, տարբեր տարիներին հասցրել է նաև որպես լրագրող, խմբագիր և հեռուստահաղորդավար աշխատել: Ստանձնելով մշակույթի նախարարի պաշտոնը՝ Ամիրյանը որոշել է արդիականացնել թանգարանները, նպաստել մրցունակ կինոյի ստեղծմանն ու նպաստել ընթերցանության տարածմանը: Այն բոլոր նորամուծությունների մասին, որոնք կհայտնվեն Հայաստանի մշակութային կյանքում, նախարարը պատմել է PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: Համահայկական նվագախմբի անհրաժեշտության մասին Մշակույթը շատ ոլորտներ ունի, որոնք ցանկալի է ընդգրկել՝ մշակութային ժառանգությունից մինչև ժամանակակից թանգարաններ, ժամանակակից արվեստ, թատրոն, կինո, օպերա: Այս ամենը գերջանքեր է պահանջում. հարկավոր է հաջողել բոլոր ուղղություններում, ամենուր լուծումներ գտնել և փորձել դա անել հնարավորինս արագ, որպեսզի լրացվեն այն բացթողումները, որ եղել են մինչ օրս: Կարծում եմ, որ մշակույթի միջոցով է հնարավոր առավելագույնս միավորել մեր ժողովրդին, որը սփռվել է աշխարհով մեկ Ցեղասպանությունից հետո: Այդպես ծնվեց Համահայկական նվագախմբի գաղափարը և արդեն 2017-ի ապրիլի 24-ին տեղի կունենա նվագախմբի առաջին համերգը, որտեղ կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ վերջում կկատարվի Տիգրան Մանսուրյանի նոր սիմֆոնիան՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: Ես ծանոթ եմ նվագախմբի բոլոր մասնակիցներին, ընդգրկված են տարբեր տարիքի երաժիշտներ: Կան մենակատարներ, որոնք 15 տարեկան են, օրինակ, ջութակահարուհի Դիանան, կան 50-60 տարեկան մարդիկ: Նվագախմբի ընդգրկման աշխարհագրությունը շատ մեծ է՝ մասնակցում են երաժիշտներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Եվրոպայի երկրներից, Ասիայից: Հայ ժողովրդի միասնությունը ցույց տալու մտադրությամբ էլ նվագախմբի ղեկավարներ են նշանակվել Կարեն Դուրգարյանը, Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանն ու Կոնստանտին Օրբելյանը:
Արևմտահայ մշակույթը՝ աշխարհին Մենք մտադիր ենք թատերական ներկայացումներ բեմադրել արևմտահայերենով: Արդեն 2017-ին Սունդուկյանի անվան և Պարոնյանի անվան երաժշտական թատրոններում երկու ներկայացում կբեմադրվի: Իսկ 2018-ին մենք առնվազն արևմտահայ 2 հեղինակի գործեր կթարգմանենք ռուսերեն և անգլերեն: Դա անհրաժեշտ է աշխարհին ներկայացնելու համար մեր հարուստ արևմտահայ մշակույթը: Սունդուկյանի և Պարոնյանի թատրոնների ընտրության դեպքում հաշվի են առնվել միայն տեխնիկական հնարավորությունները: Նպատակն էր ամեն ինչ հնարավորինս արագ կազմակերպել, իսկ հետագայում կաշխատենք նաև այլ թատրոնների հետ: Որպեսզի Հայաստանում համամարդկային կինո նկարահանվի Այժմ մենք մի մեխանիզմ ենք մշակում կինոյի ոլորտում, որը թույլ կտա մրցունակ ֆիլմեր նկարահանել Հայաստանում և բարձրացնել հայ կինոդիտողի ճաշակը: Արդեն կառավարությանն է ներկայացվել «Կինոյի մասին օրենքը», որի համաձայն արտերկրից բերված ներդրումների 20 տոկոսը հաջորդ տարի կվերադարձվի: Այսինքն, եթե դուք արտերկրից փող եք բերել Հայաստան ֆիլմի արտադրության համար, դուք հետ կստանաք ձեր բերած գումարի 20 տոկոսը՝ դա աշխարհում ընդունված մեխանիզմ է: Կարծում եմ, այդպես ավելի հեշտ կլինի ներդրումներ ներգրավել արտերկրից: Հայաստանն իրոք կարող է գրավիչ երկիր դառնալ ֆիլմարտադրության համար, եթե ճիշտ ներկայացվի և գրագետ աշխատանք տարվի: Մշակույթի նախարարությունը տարեկան 3 մլն դրամ է հատկացնում կինոյի արտադրության համար: Այսօրվա դրությամբ մենք 2 տիպի ֆիլմեր ենք նկարահանում՝ ներքին սպառման և փառատոներին մասնակցելու համար: Կարծում եմ, որ այդ երկու կետը ժամանակի ընթացքում պետք է միահյուսվեն՝ մենք անում ենք ամեն հնարավորը դրա համար: Օրինակ, մենք հայրենասիրական ֆիլմ ենք նկարահանում Արցախի մասին ներքին սպառման համար, եթե մենք համամարդկային արժեքներ դնենք ֆիլմի մեջ, այն պահանջված կլինի նաև աշխարհում: Մեր վերջնական նպատակն է, որպեսզի Հայաստանում համաշխարհային մակարդակի կինո նկարահանվի: Հենց այդ նպատակով մենք հրավիրել ենք ԱՄՆ-ից մեր հայրենակից, պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանին, որն արդեն Երևանում է և աշխատում է կինոարտադրության մեխանիզմների մշակման վրա: Մոտավորապես 2017-ի մայիս-հունիսին մենք հիմնավորված համակարգ կունենանք և «Կինոյի մասին օրենքի» ընդունումից հետո կկարողանանք արդյունավետ օգտագործել պետության ընձեռած հնարավորությունները: Եթե ծանոթանաք Արսեն Բաղդասարյանի կենսագրությանը, հարցեր չեն առաջանա, թե ինչու հատկապես նա է հրավիրվել: Արսենը բավականին լուրջ կինոպրոդյուսեր է, Հոլիվուդում նա տարեկան 1-2 ֆիլմ է արտադրել, աշխատել է նաև Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի երկրներում: Բաղդասարյանը շատ հարմար տարբերակ է մեզ համար: Գլխավորն այն է, որ նա սիրով համաձայնեց առնվազն մեկ տարի ծառայել Հայաստանին: Դա շատ կարևոր է, քանի որ մենք նման մակարդակի մասնագետների աշխատանքը վարձատրելու միջոցներ չունենք: Նա եկել է մեզ օգնելու: Հայաստանում չեն նկարահանվում մրցունակ ֆիլմեր, քանի որ չկան համապատասխան մեխանիզմներ: Հուսով եմ, որ կյանքի կոչելով այս ամենը, կինոարտադրությունը մրցունակ կդարձնենք ոչ միայն Հայաստանում և ԱՊՀ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում:
Գիրքը հարկավոր է մոտեցնել մարդկանց Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից իմ ուշադրության կենտրոնում են եղել գրահրատարակչությունն ու գիրքն առհասարակ: Ես բազում գրախանութներ ու գրադարաններ եմ այցելել, հասկանալու համար թե ինչ մեթոդով են նրանք աշխատում: Ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք հայաստանցիներին ավելի ընթերցասեր դարձնել: Շատերն արդեն լսել են «ԳրաԲուսի» մասին՝ դա շարժական խանութ է անիվների վրա, որտեղ գրքերը հնարավոր կլինի գնել 30 տոկոս զեղչով: Առայժմ այն գործում է միայն Երևանում, սակայն առաջիկայում կշրջի նաև մարզերով: Մարտի 2-ին Չինաստանի դեսպանատան հետ կնքված համաձայնագիրը թույլ կտա գրքերը մարզեր հասցնել: Դեսպանատունը կտրամադրի անհրաժեշտ մեքենաները: Մեզ 4 շարժական բացօթյա կինոթատրոն կհատկացվի, որոնք կշրջեն մարզերի քաղաքներով և գյուղերով: Մենք մոտ 200 կինոցուցադրություն կունենանք: Մեքենայում, որը ֆիլմեր կտեղափոխի, նաև գրքեր կլինեն: Գրքերն անվճար կտրամադրվեն բնակիչներին այն պայմանով, որ հաջորդ ամիս դրանք տրամադրվելու են մեկ այլ գյուղի: Շարժական կինոթատրոնն ու գրադարանն այն է, ինչ կարելի է անել մարզերի համար: Մշակույթի նախարարությունը 9 մարզային գրադարան ունի: Կան նաև տեղական ենթակայության գրադարաններ, որոնց հետ ավելի դժվար է աշխատել, ուստի մենք ելքը տեսանք շարժական գրադարանների մեջ:
Հայաստանում ժամանակակից գրախանութների պակաս կա, որտեղ մարդիկ կկարողանան ոչ միայն գիրք գնել, այլ նաև ժամանակ անցկացնել: 2017-ին Աբովյան փողոցում այդպիսի մի գրախանութ կբացվի մեծ ընթերցասրահով: Գրախանութում քաղցրավենիք կմատուցվի, ամսագրեր կլինեն, սակայն կենտրոնում կլինի գիրքը: Աբովյան փողոցում գրախանութի բացումը հնարավոր է դարձել «Զանգակ» հրատարակչության 100 մլն դրամի ներդրումով: Անհնար է ընթերցասեր երկիր դառնալ առանց գրքի պահանջարկը մեծացնելու, ուստի մենք որոշել ենք Երևանի տարբեր փողոցներում 10 անվանական ինստալյացիա տեղադրել գրքի տեսքով (3,5մ բարձրությամբ և 2,5մ լայնությամբ ), որտեղ գրքեր կվաճառվեն, ինչպես նաև թատրոնների և համերգների տոմսեր: Առաջին այդպիսի կառույցը կհայտնվի արդեն մարտին: Հավանաբար, սկսենք Տերյանի փողոցից: Մենք փոխել ենք մեր մոտեցումը գրքերի ընտրության հարցում: Նախկինում հատուկ խորհուրդն էր որոշում, թե որ գրքի հրատարակման համար միջոցներ կհատկացվեն: Այժմ հրատարակելու վրա գումար ծախսելու փոխարեն, մենք կգնենք արդեն հրատարակված պահանջարկ ունեցող գրքերը և կզբաղվենք դրանց տարածմամբ և վերահրատարակմամբ: Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ մենք չէ, որ պետք է որոշենք, թե ով է ավելի լավ գրել, ես դա սխալ եմ համարում: Երիտասարդ գրողները հեռուստատեսությունում Գիրքն առավել ճանաչելի դարձնելու համար, 2017-ի մարտին եթեր կհեռարձակվի փորձնական հեռուստահաղորդում, որտեղ 4 հրատարակիչ ներկայացված 20 հեղինակի ստեղծագործություններից մի քանի հաղորդումների ընթացքում կընտրեն 5 ստեղծագործություն, որոնք կհրատարակեն: Գրողը հնարավորություն կունենան ներկայացնելու իր գիրքը, որը, դեռ լույս չտեսած, արդեն հայտնի կդառնա պոտնեցիալ ընթերցողին: Կան բազում լավ հայ ժամանակակից գրողներ: Անուններ չեմ նշի, ոչ ոքի չնեղացնելու համար, սակայն մենք կաշխատենք նրանց ավելի ճանաչելի դարձնել: Երիտասարդ գրողների համար տարբեր հարթակներ կստեղծվեն՝ մենք նրանց կհրավիրենք հեռուստատեսություն, հանդիպումներ կկազմակերպենք, կհրապարակենք նրանց գործերը տարբեր ամսագրերում: Ինչ վերաբերում է ամսագրերի հրատարակությանը, ապա Հայաստանում, դրանք իրոք քիչ են կարդացվում, քանի որ մեր մոտ վատ է դրված դրանց գովազդը: Հարկավոր է ճիշտ կազմակերպել փիարը: Մենք մտադիր ենք գրաքննադատներից ու բանասերներից կազմված հատուկ խումբ ստեղծել, որոնք մշտապես կանդրադառնան այս կամ այն ստեղծագործությանը, դա չի լինի պատվեր: Խումբը կզբաղվի բոլոր մշակութային իրադարձությունների լուսաբանմամբ, իր մասնագիտական գնահատականը կտա: Շատ շուտով մենք կհայտարարենք խմբի հավաքագրման մասին: Եթե այն ամենն, ինչ նախանշված է, ստացվի, վստահ եմ, ապրելու ենք այն երկրում, որի մասին երազում ենք: Մենք բոլորս միասին ամեն ինչ պետք է անենք դրա համար:
Թանգարանները պետք է ժամանակին համընթաց քայլեն Լուսանկարչության թանգարանի հիմքում, որը նոր է բացվելու, կլինեն հայտնի Արա Գյուլերի աշխատանքները, որոնք նա նվիրել է Հայաստանին: Այս դեպքում մենք չենք աշխատում կոնկրետ որևէ ընկերության հետ, որպեսզի չեզոք մնանք և ներկայացված լինեն բոլոր կազմակերպությունները: Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ վերջերս տեղի ունեցած խոսակցությունից հետո, եկանք այն եզրակացության, որ Հայաստանում պետք է լուսանկարչության թանգարան բացել, իսկ թե ինչպիսին այն կլինի թող դեռևս գաղտնիք մնա: Մենք ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն ունենք՝ Սևանում 3 մ խորության վրա արդեն 2017-ին կսկսի գործել սոցռեալիզմի ստորջրյա թանգարան, որտեղ կցուցադրվեն խորհրդային դարաշրջանի հուշարձաններ: Դրանք հիմա պահվում են տաբեր թանգարանների պահոցներում: Աշխարհում մի քանի այդպիսի թանգարան կա, Հայաստանում այն առաջինը կլինի: Հենց այդ տարածքում էլ նախատեսում ենք ամռանը ռոք փառատոն անցկացնել: Հուսով ենք, որ կընդլայնենք բոլոր փառատոներում և մշակութային միջոցառումներում մարդկանց ներգրավվածությունը: Ճիշտ փիարի դեպքում մարդկանց մոտ աստիճանաբար ավելի մեծ հետաքրքրություն, մշակույթի որևէ օջախում ժամանակ անցկացնելու մեծ պահանջ կառաջանա: 2017-ի մարտին մենք նաև կներկայացնենք Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարանների այցելուների համար նախատեսված աուդիովիզուալ հավելվածը 10 լեզվով: Սա նոր մոտեցում է, այն ներառում է ոչ միայն աուդիոգիդ, որին կարելի է լսել, այլ նաև հնարավորություն կա ամեն ինչի մասին կարդալ և դիտել: Հավելվածը թույլ կտա պարզել, թե ինչն է պահանջված: Եթե ուզում ենք բարձրացնել թանգարանների հաճախելիությունը, պետք է արդիական միջոցներ օգտագործենք: Թանգարանները պետք է ժամանակին համընթաց զարգանան: Օրինակ, եթե այցելուները սիրում են սելֆի անել, հատուկ տարածք պետք է լինի դրա համար նախատեսված և այլն: Պատմական վայրերում կոմերցիոն միջոցառումների մասին Ես չեմ վարանում ասել, որ դեմ չեմ, որ տարբեր տոնական հանդիսություններ կազմակերպվեն պատմական վայրերում և հուշարձանների մոտ, սակայն դա պետք է արվի շատ բարձր մակարդակով, որպեսզի մարդկանց մոտ հակազդեցություն չառաջանա: Մշակութային ժառանգության շինությունների օգտագործումն ընդունված մոտեցում է ամբողջ աշխահում՝ պետք է ճիշտ կազմակերպել այդ ամենը: Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչպես է դա արվել նախկինում, սակայն, մտադիր եմ անել ամեն ինչ, որպեսզի ապագայում այդպիսի միջոցառումները միայն ավելի ճանաչելի դարձնեն մեր հուշարձանները, հնավայրերը, շինությունները, իսկ մարդկանց մոտ, հակառակը, պետք է միջոցառման մասնակիցը դառնալու ցանկություն առաջանա: Օրինակ, Զվարթնոցի տաճարի տարածքը մտադիր ենք օգտագործել համերգային ծրագրերի համար, այնտեղ հնարավոր կլինի նաև թեթև նախաճաշել ու հաճելի ժամանակ անցկացնել: Չէ որ Զվարթնոց քիչ են այցելում, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը Էջմիածին է ուղևորվում, իսկ վերադառնալիս նրանք արդեն քաղցած և հոգնած են լինում, ձգտում են ավելի շուտ վերադառնալ: Մենք պետք է հաշվի առնենք այդ ամենն ու կազմակերպենք նրանց հանգիստը: Այժմ նախագիծը մշակման փուլում է, ներգրավված են երիտասարդ ճարտարապետներ և դիզայներներ: Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |