// IP Marketing video - START// IP Marketing video - END
Վրաստանում մարիխուանայի ապաքրեականացմանը հասած գործիչ

Մարիխուանայով սրճարան Հայաստանի սահմանի՞ն, անհամբեր սպասում եմ.

Վրաստանում մարիխուանայի ապաքրեականացմանը հասած գործիչ

PanARMENIAN.Net - Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար:

Դատարանի որոշման հրապարակումից հետո Ջափարիձեն շնորհավորել է ներկաներին ու նշել. «Դա պայքար էր ոչ թե հանուն մարիխուանայի, այլ հանուն մարդու ազատության, և մենք ուրախ ենք, որ մեկ անգամ ևս հաղթեցինք այս պայքարում»:

Օրինականացման համար պայքարը միակ բանը չէ, որն առանձնացնում է «Գիչիի» առաջնորդ և Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեին: Քաղաքական գործիչը բազմիցս է ուշադրությունը սևեռել իր և իր խնդիրների վրա բավականին էքսցենտրիկ կերպով: Ջափարիձեն, օրինակ, մտադիր էր դատարան ներկայանալ կենդանի ջայլամով, նրա կուսակցությունը սեփական «եկեղեցին» է հիմնել՝ «Քրիստոնյա-ավետարանչական-բողոքական եկեղեցի՝ Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերպությունը, որի օգնությամբ երիտասարդներին միանգամայն օրինական հիմունքներով հնարավորություն է տրվում խուսափել բանակում ծառայելուց: Մասնավորապես, այդ կրոնական կազմակերպությանն անդամակցող երիտասարդները գրանցվում են որպես եկեղեցու սպասավորներ և այդպիսով ազատվում պարտադիր ժամկետային ծառայությունից: Կուսակցության անդամները նաև ցուցադրաբար կանեփ են ցանել իրենց գրասենյակում դեռ 2016-ին և կրիպտոարժույթ են վաստակում իրենց կայքի այցելուների համակարգիչներով:

PanARMENIAN.Net ը խոսել է Ջափարիձեի հետ մարիխուանայի օրինականացման, կրիպտոարժույթի, կրոնի, թրոլինգի և Սադախլոյում կոֆեշոփ տեսնելու հեռանկարի մասին:

Եթե կարճ, ապա ի՞նչ է նշանակում Սահմանադրական դատարանի որոշումը: Կարելի՞ է արդյոք գալ Թբիլիսի և հենց փողոցում կամ ռեստորանում մարիխուանա օգտագործել:
Այո, ըստ Սահմանադրական դատարանի որոշման մարիխուանայի օգտագործումը ոչ մի պատիժ չի ենթադրում, այդ թվում վարչական: Կարող նք մարիխուանա օգտագործել, դրա համար ոչ մի պատժամիջոց նախատեսված չէ:

Ինչո՞ւ եք այդքան կարևորում մարիխուանայի հարցը: Դա արժեքների և ազատությա՞ն հարց է, թե դա թույլ կտա թեթևացնել ինչ-ինչ հարցերի լուծումը Վրաստանում:
Մարդու մարմինը միայն իրեն է պատկանում: Մարդն ազատ է տնօրինել իր մարմինը՝ դա ազատության մի մաս է: Այդ թվում նաև ձեր ազատության: Մարդուն չի կարելի պատժել յուղոտ սննդի, շաքարի, ալկոհոլի կամ մարիխուանայի օգտագործման համար:

Ջափարիձեն էմու ջայլամի ֆոնին Թբիլիսիի կենդանաբանական այգում: Նա պահանջել էր այդ թռչունին մի քանի ժամով իրեն տրամադրել դատարան ներկայանալու համար, սակայն այգու տնօրինությունը մերժել էր նրան:

Մենք հիշում ենք հակաթմրանյութային ստուգայցերը, որն անցկացվեցին թբիլիսյան ակումբներում մի քանի ամիս առաջ: Այն ժամանակ իշխանություններն ու ակումբային երաժշտության սիրահարները, թվում էր, թմրանյութերի խնդրի ժամանակավոր լուծում գտան՝ իշխանությունները ներողություն խնդրեցին ակումբներից և երիտասարդներից, իսկ վերջիններս համաձայնվեցին գործակցել իշխանությունների հետ: Ձեր կարծիքով, ընդհանրապես հնարավո՞ր է լուծել ակումբային թմրանյութերի խնդիրը:
Սահմանադրական դատարանի այս որոշումն առնչություն չունի ակումբային թմրանյութերի հետ: Սակայն, մենք պահանջում ենք նաև այդ շարքի թմրանյութերի ապաքրեականացում: Մենք կարծում ենք, որ պետությունը չպետք է հետապնդի թմրանյութ օգտագործողին: Այդ թեմայով բանավեճ է ընթանում կառավարական շրջանակներում, մենք հուսով ենք, որ որոշում կկայացվի հօգուտ ազատականացման:

Շատերը մտավախություն ունեն, որ մարիխուանայի ապաքրեականացումից հետո, որն առավել ևս նման աղմուկով էր ուղեկցվում, երկիրը, այս դեպքում Վրաստանը, կվերածվի նարկոտուրիզմի կենտրոնի՝ ուղեկցվելով հանցավորության աճով: Չե՞ք վախենում դրանից:
Թմրանյութերն առնչություն ունեն հանցավորության հետ միայն եթե ապօրինի են: Մարիխուանան թմրանյութ է, որն ագրեսիա չի առաջացնում, ի տարբերություն ալկոհոլի: Մենք ակնկալում ենք, որ կգա այն օրը, երբ հնարավոր կլինի բիզնես անել՝ մշակելով և իրացնելով մարիխուանան, ինչը բավականին նպաստավոր կլինի երկրի տնտեսության համար:

Ձեր ամենահայտնի նախաձեռնություններից է սեփական եկեղեցու ստեղծումը, որի շնորհիվ վրացի երիտասարդները կարող են «ազատվել» բանակից: Ինչո՞ւ եք օգնում նրանց խուսափել ծառայությունից:
Վրաստանին հզոր և լավ ֆինանսավորվող բանակ է պետք: Մենք կցանկանայինք, որ ռազմական բյուջեն առնվազն կրկնապատկվեր: Մենք նաև վստահ ենք, որ երկրի ազատությունը պետք է պաշտպանեն ազատ մարդիկ: Մենք դեմ ենք պետական ստրկատիրությանը, ինչի դրսևորումն այս պահին բանակն է: Վրաստանում շատ են երիտասարդները, որոնք պատրաստ են զենքը ձեռքին ծառայել հայրենիքին՝ պաշտպանության ոլորտի խնդիրները կապված են նյութական ռեսուրսների պակասի հետ, ոչ թե մարդկային:

Սեփական «եկեղեցի» ստեղծելու մեջ, մեծ ցանկության դեպքում, կարելի է ավանդական եկեղեցիների և պետության կողմից նրանց տրվող տարբեր արտոնությունների թրոլինգ գտնել: ՎՈւԵ-ն ձեզանից դրա համար չի՞ նեղանում:
Մենք կողմ ենք հավատի և դավանանքի ազատությանը: Ոչ մի կրոնական դավանանք չպետք է արտոնյալ լինի, մենք դրա համար էլ պայքարում ենք:

Իսկ ընդհանրապես ի՞նչ տեղ պետք է ունենա կրոնը ժամանակակից հասարակության մեջ:
Մարդը պետք է ազատ լինի հավատալու նրան, ինչին ուզում է, բայց մարդիկ չպետք է խտրական վերաբերմունքի արժանանան կրոնական տարբերությունների պատճառով: Եվ հակառակը՝ չպետք է օգտվեն արտոնություններից:

Դուք որպես թեկնածու մասնակցելու եք գալիք նախագահական ընտրություններին: Ի՞նչ կթույլատրեք և ի՞նչ կարգելեք հաղթանակի դեպքում:
Կփորձեմ ավելացնել ռազմական բյուջեն, կչեղարկեմ պարտադիր զինծառայությունը, վետո կդնեմ բոլոր այն օրինագծերի վրա, որոնք խախտում են իրավունքը, ինքս կպաշտպանեմ իմ վետոն խորհրդարանում, ինչպես նաև ներում կշնորհեմ բոլոր կալանավորներին, որոնք պատիժ են կրում թմրանյութերի օգտագործման համար:

Ճիշտն ասած, կողքից ձեր գործունեությունը՝ ջայլամը, եկեղեցին, մարիխուանայի թուփ տնկելը, երբեմն ոչ թե քաղաքականության տպավորություն է թողնում, այլ թրոլինգի: Դա օգնո՞ւմ է ուշադրություն գրավել այս կամ այն հարցի հանդեպ, թե՞ մեծ խնդիրներ է ստեղծում:
Մենք ոչ մի ընտրովի, կամ այլ պաշտոն չենք զբաղեցնում, մեծ գումարներ չունենք, չկա ամբիոն, ուստի փորձում ենք ուշադրություն գրավել, իսկ հետո բացատրում ենք, թե հանուն ինչի ենք պայքարում:

Դուք ձեզ համարո՞ւմ եք մեծ քաղաքական ապագա ունեցող գործի՞չ, թե գլխավոր նպատակն իշանությունների և հանրության շրջանում ձեր հակառակորդների նյարդերի հետ խաղա՞լն է:
Մեր գլխավոր նպատակն է ընդլայնել մարդկանց ազատությունները: Եթե չկա զոհ, չկա հանցագործություն: Մենք դատապարտում ենք բռնությունը, իսկ եթե չկա բռնություն, ապա մարդն ազատ է անել ինչ ուզում է: Մենք օրգանական պետության (որտեղ փոքր է պետության դերը) գաղափարի կողմնակիցներ ենք, երբ պետության դերը տնտեսության մեջ սահմանափակ է, իսկ մասնավոր հատվածի դերը, հակառակը, մեծ:

Ինչպե՞ս կբնութագրեք ձեր կուսակցությունը:
Մենք լիբերտարիանականներ ենք:

Ձեր կայքը հնարավորություն է տալիս մայնինգով զբաղվել և կրիպտոարժույթ վաստակել: Հավատո՞ւմ եք կրիպտոարժույթի ապագային:
Կրիպտոարժույթը դեռ պետք է ապացուցի իր նշանակությունը: Հուսով եմ, այն լավ ապագա ունի: Անկախ օրենսդրական արգելքից, վրացական քաղաքականության մեջ «սև» փողերը շատ են: Մեր այս քայլը յուրօրինակ բողոք է դրա դեմ:

Խոստանո՞ւմ եք կոֆեշոփ (մարիխուանայի օգտագործման համար նախատեսված սրճարան՝ խմբ․) բացել հայ-վրացական սահմանին օրինականացման լիակատար հաղթանակից հետո:
Անհամբեր սպասում եմ և, կարծում եմ, դա շուտով իրականություն կդառնա: