// IP Marketing video - START// IP Marketing video - END
Միշտ մտածել ենք և երազել Comedy Club-ը Երևանում նկարահանելու մասին

Գարիկ Մարտիրոսյան.

Միշտ մտածել ենք և երազել Comedy Club-ը Երևանում նկարահանելու մասին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին և 16-ին Comedy Club փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում: Երևանի 2800-ամյակի տոնակատարության օրերին քաղաք կայցելեն հայտնի ռուսաստանյան հումորային շոուի բոլոր ռեզիդենտները՝ Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Գարիկ Խարլամովը, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսյոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիռնով, Իվանով, Սոբոլև» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչովը և նույնիսկ USB խումբը:

Միջոցառման գլխավոր իրադարձությունը Մարտիրոսյանի վերադարձն է: Ինչպես նշում են շոուի կազմակերպիչները, վերջին կես տարում Մարտիրոսյանի անունը պարուրված է միֆերով ու շշուկներով, սակայն արդեն սեպտեմբերին նա կրկին բեմ դուրս կգա:

PanARMENIAN.Net –ը զրուցել է հայտնի շոումենի հետ առաջիկա փառատոնի, Երևանի 2800-ամյակի, հումորի սահմանների, հետագա ծրագրերի և այլի մասին:

Հայաստանում համերգով եղել եք 2016-ին: Գո՞հ էիք հանդիսատեսի և մյուսների արձագանքից:
Ոչ այնքան, քանի որ համալիրի սպորտային դահլիճը շատ մեծ է Comedy Club-ի համար՝ հանդիսատեսի ուշադրությունը ցրվում էր, ձայնը նույնպես: Դա հիանալի բեմ է, բայց ոչ մեզ համար: Մենք հաշվի ենք առել մեր այն համերգի կազմակերպչի փորձն ու նոր կազմակերպիչներին առաջարկել նկարահանումներն անցկացնել փոքր դահլիճում՝ այն ավելի գողտրիկ է և իդեալական է Comedy Club-ի համար: Կարևոր է նաև այն փաստը, որ 2016-ին ուղղակի համերգ էր, իսկ սեպտեմբերի 15-ին և 16-ին լիարժեք Comedy-ի է լինելու, աստղերի մասնակցությամբ և ՏՆՏ-ի համար նկարահանումներով:

Ինչո՞ւ նախկինում չկային նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու մտադրություններ: Եվ ազդե՞լ է արդյոք ընդլայնված կազմով ՀՀ գալու Ձեր որոշման վրա Երևանի 2800-ամյակը: Կարե՞լի է Comedy Club փառատոնը որպես յուրօրինակ նվեր համարել մայրաքաղաքին:
Հե՛նց այդպես: Միշտ ենք մտածել և երազել Comedy Club-ը Երևանում նկարահանելու մասին, բայց ծանրակշիռ և տոնական առիթ հիմա ընձեռվեց: Մենք մտադիր էինք փառատոնը Երևանում անցկացնել դեռ նախորդ աշնանը, սակայն հաղթահարեցինք այդ գայթակղությունն ու որոշեցինք սպասել մեր սիրելի քաղաքի 2800-ամյակին և տոն պարգևել հենց այս աշնանը:

Պավել Վոլյան հայերին ուղղված իր ուղերձում նշել է, որ Comedy Club-ի ռեզիդենտները վաղուց էին ցանկանում ելույթ ունենալ Հայաստանում, «սակայն, այնուամենայնիվ, դա ուրիշ երկիր է, իր մտածելակերպով»: Ի՞նչ նկատի ուներ՝ որ Comedy Club-ի հումորը շա՞տ համարձակ է զուսպ հայերի համար:
«Հայաստանը միշտ մերձավոր երկիր է եղել Ռուսաստանի համար և մենք միշտ ցանկացել ենք այնտեղ ելույթ ունենալ: Բայց եկեք չմոռանանք, որ դա այնուամենայնիվ այլ երկիր է, իր մտածելակերպով: Ուստի մեզ համար այս փառատոնը ստեղծագործական մարտահրավեր է: Է՞լ ինչ կա հետաքրքիր: Մենք հատուկ ծրագիր կպատրաստենք և հանդես կգանք սուպերլիարժեք կազմով՝ ոսկե, արծաթե, ինչպես ուզում եք կոչեք»,- ավելի վաղ ասել էր Վոլյան հայ հանդիսատեսին հասցեագրված իր ուղերձում:

Դա ոչ միայն հայ հանդիսատեսին է բնորոշ: Comedy Club-ը բոլորի համար է մի քիչ կտրուկ: Բնականաբար, հայերի մտածելակերպը զգալի ազդեցություն ունի կտրուկ հումորի ընկալման վրա, բայց չեմ կարծում, որ երևանյան հանդիսատեսը շոկի մեջ կլինի մեր ելույթից: Խարլամովն, իհարկե, խուլիգանություն կանի բեմում, USB խումբն իր սադրիչ կատակներով ու հոլովակներով ամեն դեպքում էպատաժի կենթարկի հանրությանը, բայց չէ որ սա հումոր է և դրան պետք է հանգիստ ու ժպիտով վերաբերվել:

Չկա՞ այնպիսի զգացողություն, որ վերջին շրջանում հեռուստադիտողի հետաքրքրությունը Comedy Club-ի հանդեպ մի փոքր նվազել է:
Ոչ, զգացողությունները մաթեմատիկական մեծություններ չեն: ՏՆՏ հետազոտությունները ցույց են տալիս, որ Comedy Club-ի դիտումները հեռուստաեթերով տարեցտարի աճում են:

Ինչպե՞ս եք վերաբերվում Comedy Club-ի և այլ հումորային նախագծերի գրաքննության որոշ փորձերին: Հումորը պե՞տք է սահմաններ ունենա: Եվ եթե այո, ապա որո՞նք են դրանք:
Գրաքննություն մենք չունենք, այն իմատով, որ դուք նկատի ունեք: Կա ներքին գրաքննություն, և, ղեկավարվելով հումորի մասին մեր սեփական պատկերացումներով, մենք խմբագրում ենք ինքներս մեզ: Անշուշտ, հումորի սահմանները պետք է հստակ լինեն՝ մեզ համար ուղղակի անթույլատրելի է որոշ բաների մասին կատակելը: Թեև «լուրջ» արվեստի ճյուղերից շատերը, նկատի ունեմ կինոն, բալետը, թատրոնը, կերպարվեստը, լուսանկարչությունը, իրենց այնպիսի բացահայտ ու վուլգար էքսպերիմենտներ են թույլ տալիս, որ համեմատության մեջ մեր «անլուրջ» Comedy Club-ն ուղղակի անվնաս ու մեղմ շոու է:

Եվ վերջում հետագա ծրագրերի մասին: Կան արդյո՞ք նոր հետաքրքիր նախագծեր: Չէի՞ք ցանկանա ինչ-որ նախագիծ Հայաստանում անել հայ հանդիսատեսի համար:
Նախագծերը շատ են, ամեն ինչի մասին չես պատմի: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին և հայկական հեռուստատեսության համար հատուկ նախագծին, ապա, ճիշտն ասած, ուղղակի ժամանակը չի բավականացնում, թեև անձամբ ես շատ կուզեի: Մի բանում վստահ եմ՝ Comedy Club փառատոնը Երևանում մասնակիորեն կարող է համարվել հումորային հատուկ նախագիծ Հայաստանի համար:

2016-ի օգոստոսին Երևանում տեղի ունեցավ Comedy Club-ի առաջին համերգը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում հանդես եկավ Comedy Club-ի հումորիստների հիմնական կազմը՝ Գարիկ Մարտիրոսյան, Գարիկ Խարլամով, Թիմուր Բատրուտդինով, Դեմիս Կարիբիդիս, Դմիտրի Սորոկին, Անդրեյ Սկորոխոդ, USB խմբի և ռուսական հեռուստատեսության լավագույն կատակերգական շոուի բազում այլ ռեզիդենտների մասնակցությամբ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշադրության կենտրոնում
Մինսկն առաջարկել է ՀՀ-ում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել

Մինսկն առաջարկել է ՀՀ-ում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել Անդրեյչենկոն նշել է նաև, որ 2017-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է մոտ $43 մլն՝ 2016-ի համեմատ աճելով ավելի քան 35 տոկոսով