![]() Արշակ Մուրադյան.Armenian Tobacco Company՝ մրցունակ աշխատավարձերից մինչև 7 մլրդ դրամից ավելի ներդրումներ25 սեպտեմբերի 2019 PanARMENIAN.Net - Ծխախոտի հայկական շուկայում նոր անուն կա՝ Armenian Tobacco Company-ն է, որը չնայած վերջերս է մուտք գործել տեղական շուկա, արդեն հասցրել է գերժամանակակից հոսքագծերով հագեցած ծխախոտի արտադրություն հիմնել, ներդրումներ անել ու իր ներդրումն ունենալ արտահանման խթանման հարցում: PanARMENIAN.Net-ն ընկերության գլխավոր տնօրեն Արշակ Մուրադյանի հետ զրուցել է ընկերության կատարած ներդրումների, արտադրանքի, ապագա ծրագրերի մասին և ոչ միայն: Armenian Tobacco Company-ն բոլորովին վերջերս է մուտք գործել շուկա: Ինչպե՞ս առաջացավ ընկերության ստեղծման գաղափարը և ինչքա՞ն ժամանակ պահանջվեց այն կյանքի կոչելու համար: Հայկական ծխախոտն արտերկրում ինքնին դարձել է բրենդ և մեծ պահանջարկ է վայելում սպառողների շրջանում: Հակառակ տարածված կարծիքին՝ թիրախային շուկաներում ծխախոտի պահանջարկը ոչ միայն չի նվազում, այլև աճի տենդենց ունի: Մենք տեսանք լավ բիզնես հնարավորություն՝ միտված արտաքին շուկային, և վստահ ենք, որ որակի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ սա կլինի հաջողության պատմություն: Գաղափարից մինչև պատրաստի արտադրանքի թողարկումը մոտ 24 ամիս ժամանակ պահանջվեց: Միաժամանակ, կարևորում ենք ներդրումների իրականացումը մեր երկրում` տնտեսության զարգացման, արտահանման խթանման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար: 2018-2019-ին Armenian Tobacco Company-ն ներդրել է ավելի քան 7 մլրդ դրամ: Ի՞նչ ներդրումներ են սպասվում առաջիկայում: Մինչ այս պահն արդեն իսկ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ, մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել ևս 2-3 մլրդ դրամ, ինչը կուղղվի նոր հոսքագծերի ձեռքբերմանը և արտադրական հզորությունների ավելացմանը: 2020-ին նախատեսված է ևս 10 մլրդ դրամի կապիտալ ներդրում բիզնեսում: Ընկերության գործարանը Կոտայքի մարզում է: Ինչպե՞ս է ընտրվել տարածքը և ի՞նչ աշխատանքներ են տարվել այն բիզնեսին համապատասխանեցնելու համար: Տարածքի ընտրության հարցում կարևոր գործոններից էր հիմնական ենթակառուցվածքների հասանելիությունը և միաժամանակ հետագայում տարածքային ընդլայնման հնարավորությունը, քանի որ մենք նախատեսում ենք շատ արագ զարգանալ և ընդլայնվել: Գործարանում ամեն մանրուք լիովին նոր է, բոլոր սարքավորումները և հոսքագծերը ձեռք են բերվել բացառապես եվրոպական հայտնի ընկերություններից: Armenian Tobacco Company-ն արտադրանքի մեծ մասը՝ ավելի քան 80%, պատրաստում է իրացնել արտերկրում: Հիմնականում ո՞ր երկրներ եք նախատեսում արտահանել ապրանքատեսականին և արդյո՞ք հայկական արտադրության ծխախոտը մրցունակ է այլ շուկաներում: Մեր թիրախային հիմնական շուկաներն են ԵԱՏՄ երկրները, մերձավոր արևելքը և Չինաստանը: Նշված շուկաների ուսումնասիրությունը, ինչպես նաև արդեն իսկ կնքված գործարքները վկայում են՝ մեր արտադրանքը մրցունակ է և պահանջված: Կառավարության կողմից տրամադրված որևէ արտոնություն ո՞ւնի ընկերությունը: Կառավարության որոշմամբ, գործունեության առաջին տարիներին ազատվել ենք հումք-նյութերի ներմուծման մաքսատուրքից: Այս արտոնության շնորհիվ ազատված դրամական միջոցները ներդրումների տեսքով ուղղվում են ընկերության հետագա զարգացմանը: Ընկերության տեսականին արդեն առկա է տեղական շուկայում: Ի՞նչ նոր արտադրատեսակներով է ներկայանում Armenian Tobacco Company-ն և արդյո՞ք պատրաստվում եք ապագայում ընդլայնել տեսականին: Մեր առաջին ապրանքանիշը` Zenon-ը, տեղական շուկայում առկա է գրեթե բոլոր առևտրային կետերում: Արդեն թողարկել ենք ևս մեկ ապրանքանիշ` Magnus-ը, նախատեսված մասսայական սեգմենտի համար: Շուտով շուկա կմտնի մեր էքսկլյուզիվ բրենդը` Zenon Atmosphere անվանմամբ, բայց թույլ տվեք դեռ չբացեմ փակագծերը: Ի՞նչ հումք է օգտագործվում արտադրության ընթացքում և արդյոք հնարավորություն տեսնում եք ապագայում օգտագործել նաև տեղական աճեցված հումք: Հիմնական հումք-նյութերը ներկրվում են աշխարհի առաջատար ընկերություններից, ինչն ապահովում է մեր արդադրանքի բացառիկ որակը: Ընկերության ռազմավարական պլանով նախատեսված է առաջիկա տարիներին կառուցել թութունի վերամշակման գործարան և այո, հիմնական շեշտը դրվելու է հենց տեղական աճեցված հումքի վրա: Ընկերությունն արդեն ունի ավելի քան 70 աշխատակից: Կա՞ արդյոք աշխատատեղերի ավելացման հեռանկար և որո՞նք են ընկերությունում աշխատանքի ընդունման հիմնական չափորոշիչները: Մենք առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և աշխատանքի ընդունման հիմնական չափանիշը պրոֆեսիոնալիզմն է: Գործարանի ամբողջ հզորությամբ գործարկումը կապահովի մոտ 200 աշխատատեղ: Աշխատանքային ի՞նչ պայմաններ է առաջարկում Armenian Tobacco Company-ն: Armenian Tobacco Company-ն առաջարկում է մրցունակ աշխատավարձեր, առողջության ապահովագրություն, սննդի փոխհատուցում և մի շարք այլ առավելություններ: Որպես նոր ընկերություն՝ մեր առաջնային նպատակներից է դառնալ արդյունաբերական ոլորտում լավագույն գործատուներից մեկը: Կարևորելով մասնագիտական առաջընթացը բոլոր աշխատակիցների համար՝ ներգրավել ենք նաև Եվրոպայից և այլ երկրներից մի շարք առաջատար մասնագետների, որոնց փորձը ծխախոտի արտադրության ոլորտում կիրառում ենք մեր բոլոր գործընթացներում: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |