Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում

ServiceTitan.

Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում

PanARMENIAN.Net - Ամերիկյան ServiceTitan ընկերությունն օգնում է կենցաղային սպասարկման ծառայություններ տրամադրող ընկերություններին ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը՝ աշխատավարձերի հաշվարկից մինչև գովազդային արշավներից ստացվող արձագանք: Ստարտափի՝ գրեթե մեկ տարի Հայաստանում գործող գրասենյակում աշխատում է մոտիվացված ու ստեղծարար պրոֆեսիոնալների թիմ, որոնցից յուրաքանչյուրը, ինչպես ընկերության ներկայացուցիչներն են պնդում, աչքի է ընկնում տաղանդով ու գիտելիքներով, ունի մեծ հետաքրքրվածություն ու ստեղծագործ միտք: Ավելին, բոլոր 800-ից ավելի աշխատակիցները և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում մասնաբաժին ունեն ընկերությունում. հայերեն ասած՝ «փայատեր» են:

ServiceTitan-ի գործունեության մասով Հայաստանում որոշակի թերըմբռնում կա, բայց ամեն ինչ սպասվածից պարզ է. ստարտափը ոչ թե սանտեխնիկական ծառայություններ մատուցող ընկերությունների հարթակ է, այլ առաջարկում է հարմարավետ ծրագրային լուծումներ նման գործունեությամբ զբաղվող փոքր, միջին ու մեծ բիզնեսներին՝ առայժմ միայն ԱՄՆ-ում և Կանադայում:

PanARMENIAN.Net - ն ընկերության Միջազգային գործառնությունների և ռազմավարության գլխավոր պատասխանատու Վաչ Հովսեփյանի և հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանի հետ զրուցել է ստարտափի զարգացման, հնարավոր ընդլայնման մասին, ու ոչ միայն:

Թեև որպես հիմնադրման տարեթիվ նշվում է 2012-ը, ServiceTitan-ի պատմությունը սկսվել է դեռևս 2007-ին, երբ համահիմնադիր Վահե Կուզոյանի հայրն իրեն խնդրել է ինչ-որ ծրագիր գտնել, որը կօգներ սանտեխնիկական ծառայություններ մատուցող իրենց ընկերության աշխատանքն ավելի ճիշտ կազմակերպել: Շուկան ուսումնասիրելուց հետո Վահեն հոր բիզնեսին հարմար ոչինչ չի կարողացել գտնել ու որոշել է ինքնուրույն ստեղծել նման ծրագիր իր հոր համար: Առաջին նախագծի հաջողությունից ու շուկան ուսումնասիրելուց հետո, մյուս համահիմնադրի՝ Արա Մահդեսյանի հետ հասկացել են, որ կենցաղային սպասարկման ծառայություն առաջարկող ընկերությունների համար նախատեսված ծրագրերի մեծ պահանջարկ կա ու որոշել լրացնել այդ բացը:

ServiceTitan-ի հայաստանյան թիմի մի մասը

Ընկերությունը հայերի կողմից ստեղծված ամենամեծ unicorn ստարտափն է, եթե չհաշվենք Reddit-ը, որի համահիմնադիրներից Ալեքսիս Օհանյանը ևս ազգությամբ հայ է: Unicorn (հայերեն՝ միաեղջյուր) եզրույթով նկարագրում են մասնավոր ստարտափ ընկերությունները, որոնք գնահատվում են ավելի քան $1 մլրդ: Եթե 2018-ին ServiceTitan-ը գնահատվում էր $1.7 մլրդ, ապա հիմա այն շատ ավելի բարձր է գնահատվում՝ մոտավորապես $2.7-3 մլրդ միջակայքում:

ServiceTitan-ի բոլոր 800-ից ավելի աշխատակիցներն ընկերությունում մասնաբաժին ունեն: «Հայաստանում այս պրակտիկայի առավելությունն այն է, որ բոլորն աշխատում են, ու հաջողությունների է հասնում և՛ ընկերությունը, և՛ աշխատակիցը: Մարդկանց մեծ մասը չի պատկերացնում այս մոդելը, բայց մեր օրինակը կօգնի զարգացնել այդ մշակույթը Հայաստանում,»- ասում է Տոնոյանը:

Հովսեփյանն ասում է, որ Հայաստանում գրասենյակ բացելը պայմանավորված էր լավ մասնագետներ գտնելու խնդրով: Տարբեր շուկաներ ուսումնասիրելով՝ հասկացել են, որ Հայաստանում կարող են մրցակցային առավելություն ունենալ այն առումով, որ այստեղ լավ մասնագետներ կան՝ տաղանդի ու գիտելիքների պաշարով, ովքեր ունեն մեծ հետաքրքրվածություն ու ստեղծարար միտք:

Վաչ Հովսեփյան

Չնայած ստարտափի համահիմնադիրներն ազգությամբ հայեր են, ինչն անշուշտ ազդել է Հայաստանում գրասենյակ բացելու վրա, այնուամենայնիվ, նման որոշումը երբեք զուտ «բարեգործական քայլ» չի եղել, այլ բիզնես որոշում:

«Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հնարավորություն, նոր զարգացող էկոհամակարգ, որտեղ մարդիկ ոչ միայն խորը տեխնիկական գիտելիք ունեն, այլև աշխատասեր են, հասկանում են բիզնեսի գաղափարը, հետաքրքրասեր են»,- ասում է Հովսեփյանը:

Ըստ Տոնոյանի, ինժեներական մասը լավ զարգացած է Հայաստանում, բայց մնացած ոլորտները թերի են. «Ես գտնում եմ, որ Հայաստանը, հաշվի առնելով փոքր բնակչությունը, չի կարող մրցակցել Հնդկաստանի կամ Չինաստանի հետ: Մենք, ուրեմն, պետք է ունիկալություն, միտք ծնող երկիր լինենք, ու ServiceTitan-ում հենց դրա վրա էլ կենտրոնանում ենք»:

Հայաստանում ServiceTitan-ն ունի մոտ 40 աշխատակից՝ ներառյալ ինժեներները, պրոդուկտ մենեջերները, տեխնիկական սպասարկման մասնագետները: Ընկերությունն իր հայկական թիմն ընկալում է որպես առանձին ստարտափ՝ ստարտափի ներսում, որն ուղղակի դասական աութսորսինգի աղբյուր չէ, այլ գաղափարներ գեներացնող, հաճախորդներին սպասակող ու նրանց հետ ուղղակի կապ պահպանող թիմ:

ServiceTitan-ն առայժմ սպասարկում է ԱՄՆ-ում և Կանադայում բիզնեսով զբաղվող ընկերություններին, բայց այլ երկրներում ևս իրենց պրոդուկտը վաճառելու պլաններ ունեն: Ասում են, որ մինչև հիմա չեն ծավալվել այլ շուկաներում ոչ որովհետև պահանջարկ չի եղել, այլ որովհետև որոշել են կենտրոնանալ այս պահին ծառացած խնդիրների լուծման և հնարավորությունների վրա: Մյուս տարվա ընթացքում, հավանաբար, գրասենյակ կբացեն Կանադայում ևս, իսկ Հայաստանում գրասենյակ ստեղծելու փորձը շատ օգտակար գործիք կլինի հետագայում ընդլայնվելու համար:

Աշոտ Տոնոյան

Ստարտափի հայաստանյան գրասենյակի տնօրենը նաև իրենց կրթական ծրագրերի մասին պատմեց: 2019-ին պիլոտային ծրագիր են իրականացրել ոլորտի փորձառուների համար ու պլանավորում են այն ավելի լայնամասշտաբ իրականացնել եկող տարիներին՝ միգուցե կառավարության հետ համագործակցությամբ ու նույնիսկ հանրապետության մակարդակով:

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում սկսնակներին սովորեցնելու հարցին, քանի որ նրանց համար աճելու, զարգանակու հնարավորություն պետք է ստեղծենք: Ուզում ենք վստահ լինել, որ ունենք այդ ռեսուրսը»,- ասում է Տոնոյանը:

Այս պահին ServiceTitan-ի ծրագրից օգտվում են 5-1000 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններ՝ մինչև $100 միլիոն շրջանառությամբ:

«Մեր ընկարության ներդրողների մեջ են ամերիկյան լավագույն ընկերություններից 4-ը, որոնք նարդրումներ են անում այնպիսի հսկա ընկերություններում, ինչպիսիք են Google-ն ու Facebook-ը: Մենք նաև հույս ունենք, որ Հայաստանում հաջողության պատմությունը երկիրը ներդրողների ուշադրության կենտրոնում կպահի»,- ասում է Հովսեփյան ու համոզմունք հայտնում, որ ServiceTitan-ը ճիշտ ճանապարհով է շարժվում:

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net