Հարութ Սասունյան.

Այլեւս կարիք չկա, որպեսզի ԱՄՆ նախագահության թեկնածուները արծարծեն Ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան բազմաթիվ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Բնականաբար, այն արձագանք գտավ նաեւ ԱՄՆ հայ համայնքում, որի մեծ մասը Հայոց ցեղասպանությունը վերապրած, Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերի ժառանգներն են: Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցի վերաբերյալ PanARMENIAN.Net-ին իր տեսակետն է ներկայացրել The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյոք հայ-թուրքական սահմանի բացումը Սարգսյան-Գյուլ հանդիպումից հետո

Հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան, ինքն էլ պետք է բացի: Թուրքիան իրավունք չունի որեւէ բան պահանջել հայ ժողովրդից սահմանը բացելու դիմաց:

Ավելին, սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: ՀՀ խորհրդարանը անհապաղ պետք է օրենք ընդունի, որով կարգելվի շրջանների եւ ռազմավարական ռեսուրսներ պարունակող հողերի վաճառքը կամ վարձակալության հանձնումը օտարերկրյա ընկերություններին: Այդպիսի օրենքը կապահովի պետության տնտեսական եւ ռազմավարական անվտանգությունը:

Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:

Պարզամտություն կլինի մտածել, թե ֆուտբոլային խաղի համատեղ դիտումը, մշակութային ծրագրերի փոխանակումը, համերգները, ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպումները կարող են հաշտեցման հանգեցնել: Կան լուրջ խնդիրներ, որոնք երգ ու պարով չես լուծի` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների ճանաչումը, տարածքային պահանջները: Թուրքիայի նախագահը Երեւան էր ժամանել իր երկրի ֆուտբոլային թիմին աջակցելու համար: Մերժելով Հայաստանի նախագահի առաջարկը, Թուրքիան չափազանց անբարենպաստ վիճակում կհայտնվեր Արեւմուտքի աչքերում:

Վերջերս որոշ քաղաքագետներ, հատկապես Ռուսաստանում, գտնում են, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար ստիպված կլինի ընտրություն կատարել ղարաբաղյան խնդրի լուծման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման միջեւ...

Ես չեմ կարծում, թե Հայաստանի նախագահը պետք է ընտրի ԼՂՀ-ի կամ Հայոց ցեղասպանության միջեւ: Սրանք երկու տարբեր, սակայն համարժեք կարեւորության հարցեր են: Թուրքիան չպետք է զիջումներ ակնկալի Հայաստանից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դա պատմական փաստ է: Թուրքիան ուղղակի պետք է սեփական պատմության, նրա ամոթալի էջերի հետ հաշտվելու քաջություն ունենա:

ԱՄՆ-ի հայ համայնքը միահամուռ սատարում է 106-րդ բանաձեւի ընդունմանն ուղղված կոնգրեսականների ջանքերին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

Ես կցանկանայի հիշեցնել, որ Կոնգրեսն արդեն իսկ երկու անգամ բանաձեւեր է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ` 1975 եւ 1984թթ.: Հայերը չպետք է ամեն մի նորընտիր Կոնգրեսից պահանջեն ճանաչել այն, ինչ երկու անգամ արդեն ճանաչվել է: Նույնն է նաեւ ԱՄՆ-ի նախագահների պարագայում: Դեռեւս 1981թ. նախագահ Ռեյգանի ուղերձում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ այլեւս նախագահական ուղերձներ կամ Կոնգրեսի բանաձեւեր հարկավոր չեն: Հայ ժողովուրդը չպետք է մշտապես խնդրի նախագահության թեկնածուներին ճանաչել Ցեղասպանությունը:

Ըստ Ձեզ, ինչն է ամենակարեւորը հայկական արտաքին քաղաքականության համար եւ ինչ խնդիրներ պետք է դնի իր առջեւ ԱՄՆ-ի հայ համայնքը:

Իրականում մեզ պետք է, որ ԱՄՆ-ն արդար միջնորդ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ավելի շատ օգնություն հատկացնի ՀՀ-ին ու ԼՂՀ-ին: ԱՄՆ-ն պետք է կոչ անի Թուրքիային պաշտպանել հայ փոքրամասնության իրավունքները եւ վերադարձնել հայկական պատմական եկեղեցիները Կոնստանդինոպոլսի (Ստաբուլի) հայկական պատրիարքությանը:
---