Չինաստանի և ԱՄՆ-ի ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապրիլի 26-մայիսի 3-ի հիմնական իրադարձությունների ամփոփում

Չինական ընկերությունները, որոնք մասնագիտանում են սարքավորումների, էլեկտրոնային կառավարման, հեռահաղորդակցային համակարգերի ոլորտում, մտադիր են հավակնոտ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Չինաստանում կատարած այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Ռուի Չիի և «ZTEե (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ: «Հուավեյ» ընկերության հետ հուշագիր կնքվեց համագործակցության մասին:

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի հանդիպմանը «Plug and Play» համակարգչային ձեռնարկությունների ինկուբատորի տնօրենի հետ կարևորվեց Հայաստանում «Plug and Play»-ի ներկայացուցչություն, ինչպես նաև ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչություն բացելու հարցը, ինչը պետք է նպաստի հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը ՏՏ ոլորտում և լայն հնարավորություններ ստեղծի ներդրումների, ինչպես նաև հայկական ապրանքի իրացման համար: «Plug and Play» ընկերության տնօրենը նշել է նաև, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում, մասնավորապես, հարթակ ստեղծելով Սթենֆորդի համալսարանի ուսանողների հետ փոխանակման ծրագրերի համար:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 364 համակարգիչ է արտադրվել 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համակարգիչների արտադրությունը կրճատվել է 11,7 տոկոսով:

Կառավարության որոշումը ISO/IEC 27000 միջազգային ստանդարտները տեղայնացնելու և որպես ազգային ստանդարտ ընդունելու մասին Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում պատմության նոր էջ է բացում: Նման կարծիք է հայտնել Ապագա Թեքնոլոջիսի տնօրեն Միշել Դավուդյանը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO 27000 ստանդարտների և հավաստագրման մասին սեմինարի ընթացքում, որը տեղի ունեցավ Երևանում ապրիլի 27-ին: Սեմինարին մասնակցել են բանկերի և ֆինանսական ոլորտի ընկերությունների ղեկավարներ ու ՏՏ բաժինների պատասխանատուներ:

Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները համակարգչային վերապատրաստման դասընթացների կմասնակցեն դատախազության «Համակարգչային վերապատրաստման կենտրոնում»: Կենտրոնի ստեղծումն իրականացվել է ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագիր. օժանդակություն կարողությունների զարգացմանը և աջակցություն տուժածներին» ծրագրի շրջանակներում, որի հիմնադրման համար ընտրվել է ՀՀ դատախազության դպրոցը: Կենտրոնը հագեցած է մի շարք կրթական ծրագրերով հարուստ ամփոփ փաթեթով, որը օգտակար է թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման ու անդրազգային այլ հանցավորությունների դեմ պայքարում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Դատախազության համակարգը հագեցած է միասնական համակարգչային համակարգով, ինչը հնարավորություն կտա դատախազներին տեղում անցնել վերապատրաստումը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp խորհրդաժողովը տեղի կունենա մայիսի 21-23 Երևանում: BarCamp-ը հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալներին և հարակից ոլորտների ներկայացուցիչներին` լրագրողներին, դիզայներներին, բլոգերներին գաղափարներ փոխանակել ոչ պաշտոնական մթնոլորտում: BarCamp ճամբարն արդեն երկրորդ անգամ կանցնի Երևանում: Անցյալ տարի ճամբարին մասնակցեց շուրջ 450 մարդ Հայաստանից, Վրաստանից, ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Իսկ մայիսի 28-ին Երևանում կբացվի ArmRobotics ռոբոտների առաջնությունը: «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին կմասնակցեն 15 երիտասարդական թիմեր Հայաստանից և Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչները: Ըստ նրա, ArmRobotics-ի հերթական առաջնության թեման առաջարկել է բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ առևտրային The HALO Trust կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծմամբ և չպայթած ռազմամթերքի վնասազերծմամբ: Միջոցառման ընթացքում ռոբոտները պետք է հայտնաբերեն հողի տակ գտնվող ականներն ու WiFi-ի, ռադիոհաղորդիչի կամ ֆլեշ-կրիչի միջոցով սերվերին ուղարկեն ականների քարտեզը: ArmRobotics առաջնությունն, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը, առաջին անգամ անց է կացվել Հայաստանում 2008 թվականին:

Google հանրահայտ որոնման համակարգը 35 լեզվով վիրտուալ ստեղնաշար է գործարկել, այդ թվում նաև հայերեն` որոնման տեղի կողքին: Ինչպես ասվում է Google-ի պաշտոնական բլոգի գրության մեջ, նորամուծությունն օգտվողներին թույլ կտա մայրենի լեզվով իրականացնել որոնումը, անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում և ինչ տառատեսակից են օգտվում: Մինչդեռ, Odnoklassniki.ru ռուսական սոցիալական ցանցի բջջային տարբերակը ևս հասանելի է հայերեն լեզվով, թեև միայն բջջային հեռախոսների սահմանափակ մոդելներն են ճանաչում հայերեն տառերը, այդ թվում iPhone, HTC Android սմարթֆոնները, ինչպես նաև Windows mobile և Symbian (սկսած 7-րդ տարբերակից) օպերացիոնալ համակարգերով հագեցած բջջային հեռախոսները: Հայկական ինտերնետ-օգտագործողների բաժինը կազմում է Odnoklasniki.ru կայքի տրաֆիկի 1,5 տոկոսը: Մեկ շաբաթվա ընթացքում կայք այցելում է մոտ 200 000 մարդ: Հայաստանում ընդհանուր օգտագործողների թիվը կազմում է ավելի քան 300 000 մարդ: Facebook ամերիկյան սոցիալական ցանցը տեղայնացված է հայերենով 85 տոկոսով:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենն ու Հայաստանի յոթ բուհերի ռեկտորներ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում կկազմակերպվի ուսանողների պրակտիկա, մասնագիտական դասախոսություններ կկազմակերպվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների կողմից, համատեղ ծրագրեր ու գիտահետազոտական աշխատանքներ, ընկերությունների աշխատակիցները կաջակցեն ուսանողներին հետազոտական, դիպլոմային ու մագիստրոսական աշխատանքներում: Հուշագիրը ստորագրել են Մոսկվայի էկոնոմիկայի, վիճակագրության և տեղեկատվության ինստիտուտի Երևանի բաժանմունքը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, Էկոնոմիկայի ու կառավարման համալսարանը, Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան համալսարանը, «Անանիա Շիրակացի» համալսարանը, «Եվրասիա» միջազգային համալսարանը, «Գլաձոր» համալսարանը: Ուսանողները հնարավորություն կստանան խորանալ այնպիսի ոլորտների մեջ, ինչպիսիք են իրավագիտությունը, հաշվապահական հաշվառումը, մարքեթինգն ու վաճառքը, ՏՏ ոլորտը, բաժանորդների սպասարկումը: Միևնույն ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ում պրակտիկա անցնող ուսանողները աշխատավարձ կստանան:

Գայանե Միրզոյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---