Էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը կոչված է լուծելու երրորդ սերնդի խնդիրներ

PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը կոչված է լուծելու երրորդ սերնդի խնդիրներ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է ասել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը` ներկայացնելով «Էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը. մեկնաբանություններ եւ առաջարկություններ» զեկույցի հիմնական գաղափարները: «Երբ մենք մշակում էինք այս հայեցակարգը, ապա հիմքում ընկած էին այն լուծումներն ու մեխանիզմները, որոնք կպարունակեն երրորդ սերնդի տեխնոլոգիաներ: Հայաստանն իրավունք չունի ետ մնալ համաշխարհային զարգացումներից»,-ասել է նա: Ըստ վարչության պետի, այս հայեցակարգի իրականացման շրջանակներում եկել է փաստաթղթերի շրջանառությունից կոնկրետ միջոցառումների անցնելու ժամանակը:

Այս առնչությամբ Վաչե Կիրակոսյանը նշել է, որ հայեցակարգը պարունակում է երեք տարի ժամկետով իրականացման ժամանակացույց եւ նախատեսվում է, որ մինչ 2011թ. կիրականացվեն ծրագրի հիմնական դրույթները` ֆիզիկական ենթակառուցվածքների ներդրում, տեղեկատվական անվտանգության ապահովում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տրամադրման մեխանիզմների ստեղծում: Բացի այդ, նա հավելել է, որ մշակված հայեցակարգի շրջանակներում արդեն մեկնարկել են այնպիսի կառավարական ծրագրեր, ինչպիսիք են «Համակարգիչներ բոլորի համար», ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետի ներմուծումը:

Իր հերթին Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանն ուշացել է էլեկտրոնային հասարակության ձեւավորման հարցում: «Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ կիրառվող էլեկտրոնային համակարգերըր փոխկապակցված չէին եւ չէին լուծում առկա խնդիրները, ուստի անհրաժեշտ եղավ ստեղծել էլեկտրոնային հասարակության արդիական միասնական համակարգ»,-նշել է նա:

Հայաստանի կառավարությունը 2010 թվականի մարտի 2-ին ներկայացրեց Էլեկտրոնային կառավարման ծրագիրը երկրի պետական կառույցների համար: Քաղաքացիները, որոնք դիմում են իշխանության մարմիններին, ստանում են 12 նիշից կազմված ծածկագիր, որի օգնությամբ նրանց հասանելի կդառնա դիմումների քննարկման ընթացքը: Այդ նպատակների համար կառավարության շենքում արդեն տեղադրվել են հատուկ տերմինալներ: Բացի այդ, ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում արդեն բացվել է «Տրանսպարենտային կառավարում» բաժինը, որտեղ կզետեղվեն տեղեկությունները հայերեն լեզվով պաշտոնական փաստաթղթերի մասին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---