ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է հեռահաղորդակցության ոլորտի լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է հեռահաղորդակցության ոլորտի լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին և 24-ին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները` շարժական հեռահաղորդակցությանը և հեռահաղորդակցության էկոնոմիկայի և ֆինանսների հիմունքներին նվիրված երկօրյա դասընթացին մասնակցելու նպատակով: Այս տեսական դասընթացը հատուկ մշակված էր ոլորտը լուսաբանող լրագրողների համար: Դասընթացը վարում էին ընկերության տեխնիկական և ֆինանսական բաժինների մասնագետները:

«Խոսքն, այս պարագայում, մեր բրենդի մասին չէ: Առանցքայինն այստեղ մեր պատասխանատվությունն է Հայաստանում գործող ԶԼՄ-ների հանդեպ, քանի որ նրանք են մեր երկիրը ներկայացնողները: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդիկ, ովքեր դիտում են Հայաստանում պատրաստված նորությունները և ընթերցում մեր լրագրողների կողմից գրված հոդվածները, տեղեկություն են ստանում մեր բոլորի մասին և նրանց նյութերին հղելիս` պետք է տեսնեն, որ մեր լրատվամիջոցները լիովին տիրապետում են լուսաբանվող թեմային»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ինչպես ասվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո հաղորդագրության մեջ, դասընթացի ընթացքում ունկնդիրները ծանոթացան հեռահաղորդակցության ոլորտի հիմնական տեխնոլոգիաներին` բացահայտելով անլար ցանցերի արագ փոփոխվող և դինամիկ միջավայրը: Լրագրողները ծանոթացան հեռահաղորդակցության ներկայումս գործածվող և մշակման փուլում գտնվող տեխնոլոգիաներին` ներառյալ GSM, GPRS/EDGE, WCDMA/UMTS, HSPA, LTE համակարգերը: Մասնավորապես, դասընթացի մասնակիցները ծանոթացան շարժական կապի տարբեր սերունդներին, դրանց ստանդարտներին և կիրառվող տեխնոլոգիաներին` կենտրոնանալով UMTS-ի կառուցվածքի վրա, HSDPA (High Speed Downlink Packet Access), HSUPA (High Speed Uplink Packet Access) ենթահամակարգերի, HSPA+ համակարգի, ինչպես նաև դեպի 4G համակարգը էվոլյուցիայի վրա: Դասընթացը թույլ տվեց պատկերացում ստանալ շարժական կապի ցանցերի զարգացման, ինտերնետից օգտվելու ավելի բարձր արագություններ ապահովող և միաժամանակ` ծախսարդյունավետ համակարգերի առաջացումը խթանող գործոնների վերաբերյալ: Լրագրողները ծանոթացան այնպիսի առանցքային հասկացությունների, ինչպիսիք են հաճախականությունը, տիրույթը, ազդանշանի փոխանցումը, handover-ը` բաժանորդի` մեկ բջջից մյուսին անցնելու ժամանակ տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև բազմաթիվ գործոնների, որոնցով պայմանավորված է բաժանորդների կողմից կատարվող տվյալների փոխանցման արագությունը:

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր հեռահաղորդակցության էկոնոմիկային և ֆինանսներին: Դասախոսությունն անդրադարձավ այնպիսի հիմնարար հասկացությունների, ինչպիսիք են` ARPU (Մեկ բաժանորդի հաշվով միջին եկամուտ), MOU (Մեկ բաժանորդի հաշվով միջին խոսելաժամանակ), APPM (Մեկ րոպեի միջին արժեք), OIBDA (Գործառնական եկամուտ մինչև մաշվածությունը), և այլն:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում առավել մեծ հետաքրքություն առաջացրեցին MOU և ARPU միտումները` սեզոնայնության գործոնով պայմնավորված:

Դասընթացի մասնակից լրագրողներին հանձնվեցին ավարտական վկայականներ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---