«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ավելի քան 20 գործընկեր կազմակերպությունների ջանքերով ձևավորվում է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։ Այսօրվանից կսկսվեն «Let’s do it! World» համաշխարհային բնապահպանական շարժման աշխատանքները. կիրականացվեն մի շարք բնապահպանական միջոցառումներ՝ մասնավորապես` երկրագունդի մաքրում կենցաղային աղբից: Շարժումը կկազմակերպվի այսօրվանից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը` աշխարհի ավելի քան 85 երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը:
«Մենք կարող ենք»-ը կազմակերպություններից և անհատներից կազմված շարժում է, որը բաց է բոլորի համար, ովքեր ընդունում են շարժման նպատակը և գաղափարները: Շարժման հիմնական նպատակն է՝ իրականացնել «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ» համահայկական կամավորական նախաձեռնությունը: Մեծ թվով կամավորներների շնորհիվ մեկ օրվա՝ սեպտեմբերի 15-ի ընթացքում տեսակավորելով հավաքվելու է բնության գրկում և պատմամշակութային վայրերի հարակից տարածքներում կուտակված կենցաղային աղբը:
Բնապահպանական այս արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել նաև կրթական և տեղեկատվական միջոցառումներ` կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների մասին հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով:
«Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժմանն արդեն իսկ միացել են ավելի քան 20 կազմակերպություններ և բազում անհատներ` այդ թվում, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP), Հայկական բնապահպանական ցանցը, Հակոբյան բնապահպանական կենտրոնը, DJ Vakcina-ն (The Laboratory), Կանաչաստան ՀԿ-ն, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն, «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ն, «Կյանքի գույներ» ՀԿ Երևանի, Ապարանի, Ստեփանավանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոնները, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ, Armyouth.am, «HotTv» օնլայն հեռուստատեսությունը, «Eritasard.am» օնլայն պարբերականը, Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագիրը և այլն:
«Let's do It!» համաշխարհային շարժումը մեկնարկել է 2008թ.-ին` Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքով, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացել են մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը հետագայում օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար: