// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բուզանդ փողոցի նախկին բնակիչները ՀՀ կառավարությունից փոխհատուցում են պահանջում

PanARMENIAN.Net - «Արդեն 7 տարի է, ինչ Սեդրակ Բաղդասարյանը, Գրիգորի Ղարիբյանը և Լևոն Ղասաբյանն իրենց ընտանիքներով հանդերձ վտարված են սեփական տներից»,-նշվում է Փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Գրիգորյանի տարածած հաղորդագրության մեջ:

«Բուզանդ փողոցի բնակիչների տները ՀՀ դատարանների պատվիրագրված վճիռների հիման վրա վերցրվել են «պետական կարիքների» համար և քանդվել: Այժմ այդ տների գտնվելու վայրում մի բազմաբնակարան շենք է, որի կառուցողը «Գրիար» ՓԲԸ-ն է»,-նշվում է հաղորդագրության մեջ:

2006-ին փաստաբանը ներկայացրել է իր վստահորդների գանգատները Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՀ կառավարությանը եվրոպական դատարանին տեղեկացրել է, որ ընդունում է Բուզանդ փողոցի նախկին բնակիչների գանգատները: 2011-ի նոյեմբերի 15-ին Եվրոպական դատարանը, ընդունել է ՀՀ կառավարության միակողմանի որոշումն այն մասին, որ բնակարանները կտրամադրվեն Բուզանդի նախկին բնակիչներին` նրանց գանգատները քննարկվող գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ ծանուցվելու պահից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: 2011-ին Եվրոպական դատարանը, ընդունելով ՀՀ կառավարության հայտարարությունը, դիմողների գանգատները հանել է քննարկման ենթակա գործերի ցուցակից:

«Տները բնակիչներին տրամադրելու վերաբերյալ ժամկետը լրացել է մարտի 19-ին, սակայն բնակիչներին փոխհատուցումն այդպես էլ չի կատարվել»,-նշվում է փաստաբանի հայտարարության մեջ: ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, փաստաբանի խոսքով, իր վստահորդներին հայտնել է, որ բնակարանները Բուզանդ փողոցի նախկին բնակիչներին տրամադրելու համար վերջիններս պետք է հետ վերադարձնեն հայաստանյան դատարանների վճիռների հիման վրա 2005-ին նրանց տրամադված փոխհատուցման գումարները:

Իր հերթին «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Բուզանդ փողոցի նախկին բնկիչները, այդ թվում նաև ինքը, խաբված են ՀՀ կառավարության կողմից; «Փոխհատուցման գումարը ստացել եմ 2005-ի հունվարի 14-ին, այդ գումարով առ այսօր վարձով բնակվում եմ Երևան քաղաքում, ի՞նչ եք առաջարկում`փողը չվերցնեի`սովա՞ծ մնայի, ես հարցրի`փողը ում եմ հետ տալու, պատասխան չստացա: Այդ գումարը Բուզանդի նախկին բնկիչներին փոխհատուցվել է ոչ թե պետական բյուջեից, այլ կառուցապատողն է վճարել : Այսօր ՀՀ կառավարությունում ինձնից գումար ուզեցին. ի՞նչ գումարի մասին է խոսքը, ու՞մ տալ գումարը`պարզ չէ»,-նշեց նա:

PanARMENIN.Net-ի թղթակցի այն հարցին, թե փոխհատուցումն ինչ պայմանով է տրամադրվել, Սեդրակ Բաղդասարյանը պատասխանեց, որ իր բնակարանը 2005-ին գնահատվել է 22.000 ԱՄՆ դոլար, իսկ թե ինչ սկզբունքով`պարզ չէ, իր խոսքով` իրեն բացատրություն չեն տալիս, իսկ այն հարցին, թե արդյոք ինքը նախօրոք համաձայնություն չի տվել սահմանված գնին, Սեդրակ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը ոչ մի պայմանագիր չի ստորագրվել: Նրա խոսքով` նույնը տեղի է ունեցել նաև մյուս բնակիչների հետ:

Այսօր Բուզանդ փողոցի նախկին բնակիչներից Սեդրակ Բաղդասարյանը, Գրիգորի Ղարիբյանն ու Լևոն Ղասաբյանը դիմել են Եվրոպական դատարանի 3-րդ բաժանմունքի նախագահին`խնդրելով իրենց գանգատները վերականգնել քննարկման ենթակա գործերի ցուցակում:

 Ուշագրավ