ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է երիտասարդ գիտնականների խորհրդի հետ, որոնց ՀՀ նախագահի կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել` որպես հավելյալ աջակցություն պետության կողմից:
Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շուրջ նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին: Քանի որ աշխատակարգը ձևավորվել է գիտնականների առաջարկով, աշխատակարգի համաձայն գիտնականներն իրենք պետք է կատարեն գումարի բաշխումը:
«Ցավալի է, որ երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջև ծրագիրն իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել, և ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսևորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե ինչպես և աշխատանքային որ խմբի կողմից` տեխնիկական խնդիր է»,- հանդիպաման ժամանակ ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները ի վիճակի կլինեն արագ տեմպերով կյանքի կոչել երիտասարդ գիտնականների աջակցության և գիտական ներուժի բացահայտման ծրագրերը: