Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ Երևանում կկառուցվեն 22 բեմահարթակներ, որոնցից գլխավորները գտնվելու են Մատենադարանի դիմաց և Ազատության հրապարակում: Ազատության հրապարակում տեղի է ունենալու տոնական մեծ համերգ, իսկ Մատենադարանի դիմաց ավելի պաշտոնական արարողություններ:
Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետի մշակութային հարցերով խորհրդական Արամ Սուքիասյանը: Սուքիասյանի խոսքով միջոցառումները միայն բեմ-հանդիսական հարթության վրա չեն լինելու, այլ նաև մարդիկ անմիջական մասնակցություն են ունենալու դրանցից շատերին:
Օրերի կապակցությամբ արտերկրից Երևան կայցելեն 60 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից 13-ը կլինեն քաղաքապետեր:
Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի քաղաքապետը հանդիսավոր կերպով «գրքի մայրաքաղաքի բանալին» կհանձնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Տարվա կապակցությամբ Կասկադի և Մյասնիկյանի արձանի հարևանությամբ կիրականացվի գրքերի բացօթյա վաճառք, մայիսի 5-ից հունիսի 10-ը Ազատության հրապարակում հայ հրատարակիչները կներկայացնեն իրենց արտադրանքը: Սուքիասյանն ասաց, որ քաղաքապետարանն ունի ընթացակարգ, որով նախընտրական քարոզարշավը չի խանգարի գրավաճառներին: