5 ապրիլի 2012 - 16:06 AMT
«Ժառանգությունը» ներկայացրել է իր գլխավոր նախընտրական շտաբն ու նորացված կայքը

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է իր գլխավոր շտաբը Մոսկովյան 31 հասցեում, որտեղից իրականացվելու է նախընտրական քարոզարշավի ղեկավարումը, ինչպես նաև նորացված կայքը: «Ինչպես միշտ մեր աշխատանքը թափանցիկ է լինելու և այստեղ կկարողանաք ցանկացած հարցի պատասխան ստանալ»,-լրագրողներին է հայտնել «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավար, «Ազատ դեմոկրտաների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

Ըստ նրա, ամբողջ հանրապետությունում կլին 70 շտաբ, որոնցից 50 արդեն գործում է, իսկ յուրաքանչյուր ընտրատարածքում ներկա կլինի կուսակցության առնվազն 2 վստահված անձ: Նա ընդգծել է, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ընտրական գործընթացում ներառել են 5 հազար հոգի, ինչը ընդդիմադիր ուժի համար մեծ թիվ է:

Իր հերթին «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է կուսակցության նորացված www.heritage.am կայքը` ընդգծելով, որ այն դարձել է ավելի ինտերակտիվ, պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, մասնավորապես` կապված ընտրությունների հետ: Նա նաև նկատել է, որ այդ կայքը տեղեկություններ է պարունակում ոչ միայն «Ժառանգության» մասին, այլ նաև «Ազատ դեմոկրատների»:

Խուրշուդյանը նաև հաղորդել է, որ կուսակցությունը ծրագրում է հատուկ ուշադրություն դարձնել Facebook-ում նախընտրական պայքարին: «Facebook-ը մեզ համար միայն սոցկայք չէ, այլ նաև լավ հնարավորություն քաղաքական հայացքները կիսել հասարակության լայն շերտերի հետ»,-ընդգծել է նա:

«Ժառանգությունը» ընտրությունների նախաշեմին միացել է այլ ընդդիմադիր կուսակցության` «Ազատ դեմոկրատների» հետ, որի ներկայացուցիչները ներառվել են «Ժառանգության» ընտրացուցակում: Ցուցակը գլխավորում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: