6 ապրիլի 2012 - 13:30 AMT
Ր. Հովհաննիսյան. Միջխորհրդարանական համաձայնությունների չափանիշներով պետք է նախատեսվի նաև ընտրությունների տապալումը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ստորագրել միջկուսակցական համաձայնագիր`կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումներից խուսափելու նպատակով:

Ենթադրվում է, որ փաստաթուղթը պետք է ստորագրեն յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջին երեք թեկնածուները:

Միաժամանակ, նա համաձայնել է իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի` երեկ արված հայտարարության հետ, որպեսզի նման նախաձեռնությունը չվերածվի քաղաքական ուժերի PR-ակցիաների:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ընտրությունների մասնակից կուսակցությունների առաջին դեմքերի կողմից այս համաձայնագրի ստորագրումը դրա կատարման երաշխիք կդառնա:

Ընդ որում, այն հարցին, արդյոք «Ժառանգությունը» պատրաստվում է ներգրավվել ՀՀԿ կողմից առաջարկվող խորհրդարանական կառույցում, նա պատասխանել է. «Մենք ժամանակի զուր կորուստ չենք ուզում, սակայն միևնույն ժամանակ, ցանկանում ենք օգտագործել բոլոր հնարավորությունները»: Ըստ նրա, ցանկացած միջկուսկացական համաձայնագրերում, որոնցում կարգավորվելու է ընտրախախտումների հարցը, պետք է հստակ ներկայացվեն չափանիշները, ըստ որոնց ընտրությունները կարելի է տապալված համարել: Այս դեպքում, ինչպես ընդգծել է Հեվհաննիսյանը, կարելի է համարել, որ երկրում արտակարգ իրավիճակ է և հարկավոր է երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել: Որպես այդպիսի չափանիշներ նա առանձնացրել է յուրաքանչյուր կուսակցության ֆինանսական թափանցիկությունը, ԶԼՄ-ում քարոզարշավի հավասար հնարավորությունները, ընտրակաշառքի բացառումը, ինչպես նաև ընտրացուցակների «մաքրումը»:

ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգության» ներկայացուցիչները ապրիլի 4-ին քննարկել են ընտրակեղծիքների դեմ պայքարելու միջկուսակցական նախընտրական շտաբի ստեղծման հարցը: Ավելի վաղ նման շտաբի ստեղծման գաղափարով հանդես է եկել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Բացի ՀՀԿ-ից, փաստաթուղթը համաձայնել են ստորագրել բոլոր քաղաքական ուժերը:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական կուսակցություն` ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն», Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը, Կոմկուսը, և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի: