6 ապրիլի 2012 - 14:47 AMT
Հայաստանում ՏՏ ոլորտն ունի մասնագետների համալրման կարիք

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր մեր ունեցած համար մեկ խնդիրը մարդկային ռեսուրսի պակասն է: Այս մասին այսօր ԻՏՁՄ 12-րդ համագումարի ժամանակ ասաց միության նախագահ Հովհաննես Ավոյանը:

«Ոլորտը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են ավելի շատ ծրագրավորողներ, ինժեներներ և այլ մասնագետներ, մեր զարգացումը այս ոլորտում ավելի արագ տեմպերով կլինի, եթե լուծվեն մասնագետների և’ քանականան, և’ որակական խնդիրները»,- ասաց միության նախագահը:

Նա նշեց, որ այդ պատճառով միության առաջնային նպատակներից է համագործակցությունը բուհերի հետ. «Արդեն սկսել ենք համագործակցությունը ԵՊՃՀ-ի հետ և վստահ ենք, որ կլինի արդյունավետ համագործակցություն»:

PanARMENIAN.Net-ի թղթակցին միության նախագահը պատմեց, որ մասնագետների պատրաստման համար միությունը նախաձեռնություններ ունի նաև դպրոցականների համար. «Երևանի շատ դպրոցներում արդեն կան ռոբոտների պատրաստման խմբակներ, ուզում ենք նաև դպրոցականներին ներգրավել տարբեր տեսակի վերապատրաստման թրեյնինգային ծրագրերին, որոնք կանցկացվեն ամռանը»:

Հովհաննես Ավոյանն ասաց նաև, որ միության կողմից կազմակերպվող ռոբոտատեխնիկայի մրցույթներին նույնպես ակտիվացել է դպրոցականների մասնակցությունը: