Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով

Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով

PanARMENIAN.Net - Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր և Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այսօր մենք բարեբանում ենք Սուրբ Կույսին և հայցում նրա գթառատ բարեխոսությունը իր Որդու և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ: Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաև ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգև շնորհները հավիտենական կյանքի»:

«Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը և իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով և բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար:

Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ և խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին, և բոլոր տիկնայք ու օրիորդներ Աստվածամոր օրինակով ապրեն բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ:

Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքն ու ժողովրդին և պահպանի հավատքով զորացյալ, բարի ու արդար գործերի մեջ հաստատուն»,-ասվում է կաթողիկոսի ուղերձում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---