7 ապրիլի 2012 - 15:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Օրինաց երկիրը» ցանկանում է ապրել օրենքով, հայտարարել է Արթուր Բաղդասարյանը

«Մենք ցանկանում ենք ապրել օրենքների երկրում, օրենքների կանոններով, որպեսզի հաղթեն ոչ թե փողերը, այլ օրենքը, խելքը և արդարությունը»,- ապրիլի 7-ին ելույթ ունենալով «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքում հայտարարել է նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նա հույս է հայտնել, որ «Օրինաց երկրի» 180 000 անդամները ղեկավարության հետ միասին այնպես կանեն, որպեսզի կուսակցության ծրագրերը և գաղափարները հասանելի լինեն ժողովրդին: «Մենք մաքուր ենք լույսի նման և կապված չենք ոչ արյան հետ, ոչ թալանի»,- ասել է նա: Նրա խոսքով, կան մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել «Օրինաց երկիրը» նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց «դա նրանց չի հաջողվի»: Դրա հետ կապված Բաղդասարյանը հավելել է, որ «Օրինաց երկիրը» կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, որը կստիպի նրանց լռել:

Խոսելով կուսակցության նախընտրական ծրագրի մասին՝ նա հայտարարել է, որ այն առաջարկում է «1000 ու մի ցավից բուժում և 1000 ու մի խնդրի լուծում»:

Կուսակցության առաջնորդը ցանկանում է, որպեսզի ընտրություններում հաղթեն այն քաղաքական գործիչները և ուժերը, ովքեր կստանան ժողովրդի աջակցությունը՝ վճռականորեն դատապարտելով որոշ քաղաքական ուժերի ցանկությունը հաղթանակի հասնել ընտրակաշառքի օգնությամբ: «Հիշեք, որ ծախված ձայնը կորցված ձայն է»,- նշել է նա:

Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է հավաքվածներին կուսակցության կատարած աշխատանքի և ծրագրերի մասին, մասնավորապես, դա վերաբերվում է խորհրդային ժամանակներից քաղաքացիների «սառեցված» ավանդները վերադարձնելուն: Ինչ վերաբերվում է ապագայի ծրագրերին, ապա, նրա խոսքով, կուսակցությունը կպայքարի անվճար կրթությունն ավելացնելու, ՓՄՁ-ին աջակցելու, բնակչության անապահով խավերի համար սոցիալական աջակցությունը բարձրացնելու համար: «Պետությունը պետք է կանգնած լինի սոցիալապես անապահով բնակչության կողքին: Մարդու կյանքը պետության համար արժեք է»,- ասել է նա:

Իր ելույթի ավարտին նա կոչ է արել «Օրինաց երկրի» անդամներին ակտիվ մասնակցել նախընտրական քարոզարշավին, «աջակցել այն քաղաքական ուժին, որի անդամ են»:

Այսօր Երևանում տեղ է ունեցել «Օրինաց երկրի» հանրահավաքը, որը բացել է կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ազատության հրապարակում հավաքվել էին ավելի քան 3000 ցուցարարներ:

ՖՈՏՈՇԱՐՔ