Շաբաթվա կարևորագույն իրադարձությունը` հռչակավոր «Տոկիո լարային քառյակի» ելույթն էր Երևանում

Շաբաթվա կարևորագույն իրադարձությունը` հռչակավոր «Տոկիո լարային քառյակի» ելույթն էր Երևանում

PanARMENIAN.Net - Ապրիլ ամսվա հետ Հայաստանում սկսեց ակտիվանալ մշակութային կյանքը: Այս շաբաթ բացվեց երկու փառատոն` «Երևանյան հեռանկարներ»-ը և «Թատրոն-ԻՔՍ»-ը:

Դասական երաժշտության սիրահարներն ունկնդրեցին «Աշխարհի լավագույն կամերային խումբ» կոչմանն արժանացած «Տոկիո լարային քառյակին»: Նրանց համերգով բացվեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնը: Քառյակը 7 տարի առաջ ելույթ ունեցել էր Հայաստանում, և հայ հանդիսատեսը հասցրել էր նրան սիրել: Մենք ունկնդրեցինք մեծն Պագանինիի միանգամից չորս գործիքների հնչյունները: Գործիքներ, որոնք պատրաստել է ոչ պակաս հռչակավոր Ստրադիվարուսը:

Գործիքներն, իրոք որ, կարծես կախարդական լինեին: Բարձրակարգ երաժիշտների ձեռքում այդ ջութակները, ալտն ու թավջութակն այնքան հագեցած հնչյուններ էին արձակում, որ կարծես նվագախմբի լարային կազմ էր ելույթ ունենում, և ոչ թե 4 հոգանոց խումբ: Համերգից հետո հանդիսատեսը հոտընկայս ծափահարություններով չէր թողնում քառյակին հեռանալ և նրանք կատարեցին ևս մեկ ստեղծագործություն: Համերգի ավարտից հետո PanARMENIAN.Net ի թղթակցին երաժիշտները խոստովանեցին, որ շատ են սիրում հայ հանդիսականին, որովհետև լսարանը շատ ջերմ է, իրենք էլ մեծ սիրով կրկին կվերադառնան Հայաստան:

Ապրիլի 2-ին Երևանում բացվեց «Թատրոն-ԻՔՍ» հանրապետական թատերական փառատոնը, որի շրջանակում առաջին անգամ տեղի են ունենալու վարպետության դասընթացներ և և կլոր սեղաններ, իսկ փառատոնի մարզային և երևանյան փուլերն անցկացվելու են զուգահեռաբար: Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը նշում է, որ փառատոնը տարիների ընթացքում չի կորցրել իր նշանակությունը, տարեց տարի ավելանում է մասնակիցների թիվը: Նա նաև գտնում է, որ այն իսկապես ծառայում է իր առաքելությանը, կատարում սոցալ-հասարակական իր դերը: Խզմալյանն ուրախ է, որ փառատոնը թատրոնի ոլորտում քաղաքականության կողմնորոշիչ է: Ինտրիգն ավելացնելու համար փառատոնի կազմակերպիչները մինչև մայիսի 3-ը` փառատոնի փակումը, գաղտնի են պահելու մրցանակների չափը և քանակը:

Այս օրերին Հայաստանում էին նաև «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը և երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան: Նրանք ուրախությամբ նշեցին, որ իրենց մրցույթի երևանյան նախընտրական փուլն աչքի է ընկնում ուժեղ մասնակիցներով: Մուխինայի խոսքով, այս տարին առանձնանում է ներկայացուցիների բարձր որակով, իսկ Ռումյանցևին Հայաստանում զարմացրել է երգացանկը: Նա ասաց, որ շատ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում մասնակիցները կարծես Խորհրդային Միությունում լինեն, իսկ հայ երիտասարդները կատարում են ժամանակակից ստեղծագործություններ, շատ են երգում եվրոպական երգեր: Թե ո՞վքեր են անցել Մոսկվայում կայանալիք եզրափակիչ փուլ, առայժմ չի հայտարարվել:

Ռուսական մշակույթի սիրահարներին ուրախացրեցին Երևանում Մոսկվայի օրերը: Գալա համերգի ընթացքում ելույթ ունեցավ Տուրեցկու անվան երգչախումբը, որի երկրպագուները երկար էին սպասել «իրենց» երաժիշտներին : Բացվեց նաև փոքր ցուցահանդես, տեղի ունեցան կլոր սեղան-քննարկումներ:

Սուրբ Զատկին ընդառաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ներկայացրեց Պուլենկի և Պերգոլեզիի Stabat Mater ստեղծագործությունները, որին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան), և «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), սոպրանոներ Մանե Գալոյանն ու Մերի Մովսիսիյանը, մեցո-սոպրանո Նարինե Անանիկյանը:

Անցած շաբաթ աղմուկ բարձրացավ, որ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Համահայկական էքսպո 2012»-ը, մշակութային օջախում սնունդ և մեքենայի յուղ է ցուցադրվելու: Համերգասրահի տնօրենը հերքեց այդ լուրը, և նշեց, որ մասնակից ընկերությունները էքսպոյին ներկայանալու են միայն հոլովակներով և պաստառներով, իսկ արտադրանք ներկայացնելը բացառվում է:

Ամսվա սկզբից սկսվում է մշակութային կյանքի ակտիվացում, իրար են հաջորդում բազմապիսի փառատոները և համերգները:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---