Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում ապրիլի 11-ին հանդիսավոր կերպով բացվեց հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել է Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են 5 տասնյակից ավելի գրքեր, որոնցից ամենահներն են 1675 թվականին Հռոմում հրատարակված Յակոբեան Հովհաննեսի պատմությունը, 1760 թվականին Վենետիկում հրատարակված «Հայկական լեզվի Բառգիրքը» և 1760 թվականին Էջմիածնում տպագրված «Բուն տօմար հայոցը»:
Թբիլիսիի Ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն նշել է, որ իրենք պարտավոր են իրենց մասնակցությունն ունենալու հայ գրատպության 500-ամյակի նշանավորմանը, քանզի անցյալում Թբիլիսիում գործել են 47 հայերեն տպարաններ և տպագրվել ու ընթերցողին են հասցվել տասնյակ հազարավոր հայերեն գրքեր, թերթեր ու ամսագրեր, որոնք այսօր Վրաստանի ազգային գրադարանի գանձարանային ֆոնդի մասն են կազմում:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իր խոսքում արժևորելով գրքի անգնահատելի դերը մարդու բանական մտքի զարգացման գործում, նշեց, որ Վրաստանը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի զարգացման կենտրոն: Ազգային գրադարանի գրապահոցում պահպանվում են 50 հազարից ավելի հայերեն գրքեր և փաստաթղթեր, որոնցից շուրջ հազարը հնատիպ հոգևոր գրքեր են, եզրափակեց Սրբազան Հայրը: