13 ապրիլի 2012 - 14:17 AMT
Մարաղայում հայերի ցեղասպանության լավագույն պատասխանը կլինի նոր բնակավայրերի հիմնումը

Ապրիլի13-ին Երևանում տեղի է ունեցել «Մարաղայից Նոր Մարաղա, Բաքվից Բագարան» անվանումով միջոցառում՝ նվիրված Մարաղայի ողբերգական իրադարձությունների 20-ամյա տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից: Հանդիպման կազմակերպիչները հույս են հայտնել, որ այդ հանդիպումը թույլ կտա ավելի շատ մարդկանց իմանալ Մարաղայում ադրբեջանցիների գազանությունների մասին: Ազգագրագետ Սուսան Մելիքյանը, ելույթ ունենալով հանդիպման ժամանակ, նշել է, որ Մարաղա գյուղի վրա հարձակումը լավ պլանավորված է եղել և նպատակ է ունեցել ոչնչացնել գյուղի հայ բնակչությանը, այն ամբողջությամբ քանդել և զավթել հայկական տարածքը: Բայց հայ ազատամարտիկների շնորհիվ այդ հարձակումն ավելի սարսափելի հետևանքներ չի ունեցել: Ազգագրագետի խոսքով, հայերի ոչնչացման պատասխան պետք է դառնան նոր բնակավայրերը, որոնք ցույց կտան, որ ադրբեջանցիների նպատակը ձախողվել է: Մելիքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը միշտ պատրաստ կլինի կրկնել ցեղասպանության նման գործողությունները և չի կարելի նրանց հետ ինչ-որ համաձայնության գնալ, քանի դեռ ադրբեջանցիները չեն ճանաչել իրենց հանցագործությունները:

1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղը հարձակման ենթարկվեց ադրբեջանական զինվորների կողմից՝ արդյունքում գյուղն ամբողջապես ավիրվեց, 59 մարդ սպանվեց, 57 հոգի գերեվարվեց, այդ թվում 9 երեխա և 29 կին, ևս 19 հոգի մինչ օրս համարվում է անհայտ կորած: Մոտ 30 պատանդ սպանվել է արդեն ադրբեջանական գերության մեջ: 2 շաբաթ անց Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, բնակչությունը բռնագաղթվեց, տները թալանվեցին, կրակը մոլեգնում էր ողջ գյուղում: