ՀԱԿ-ի թեկնածուների վրա հարձակման առիթով հայտարարություն է տարածել նաև Սամվել Ալեքսանյանի շտաբը

ՀԱԿ-ի թեկնածուների վրա հարձակման առիթով հայտարարություն է տարածել նաև Սամվել Ալեքսանյանի շտաբը

PanARMENIAN.Net - 7-րդ ընտրատարծքում ՀԱԿ-ի պատգամավորության թեկնածուների վրա հարձակման դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբը, որում մասնավորապես ասված է.

«Ապրիլի 15-ին թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչների ու տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպերի գլխավոր պատճառներից մեկը, ըստ ականատեսների, եղավ այն, որ ընտրատարածքի բնակչությանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից բաժանվել են քարոզչական նամակներ, որոնք պարունակում էին, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Սամվել Ալեքսանյանի հանդեպ: Քարոզչական նամակներում առկա դրույթներն ու որակումները դժգոհություններ են առաջացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության մի ստվար զանգվածի մոտ: Բնակիչների մի մասն անմիջապես իր դժգոհությունն արտահայտեց հանդիպման եկած պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ծագած քաղաքական սուր բանավեճի ընթացքում ընտրողներից ոմանք անգամ հորդորեցին ու պահանջեցին, որպեսզի Ն. Փաշինյանը հրաժարվի նման սադրիչ գործելաոճից և անգամ լքի իրենց բակը: Ցավոք, ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից սադրիչ գործողությունները շարունակվեցին նաև վերջինիս հեռանալուց հետո:

Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ և համոզված է, որ թիվ 7 ընտրատարածքի բնակիչների ինքնաբուխ, բուռն դժգոհությունները պայմանավորված են եղել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների միտումնավոր սադրիչ գործողություններով՝ ուղղված թիվ 7 ընտրատարածքում քաղաքակիրթ ընտրական գործընթացների վրա ստվեր գցելու միտումով: Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը նաև ներկայացրել է ՀԱԿ–ի ներկայացուցիչների կողմից բնակչությանը բաժանված Նիկոլ Փաշինյանի քարոզչական նամակը, որտեղ իրենց կարծիքով վիրավորական արտահայտություններ կան իրենց թեկնածուի հասցեին:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնել են, որ երեկ` ապրիլի 15-ին, ժամը 19.45-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բաբկեն Գարոյանը: Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ Կոնգրեսից հայտնել էին, որ 7-րդ ընտրատարածքում հարձակում է եղել ՀԱԿ-ի թեկնածուների վրա: Ըստ հաղորդագրության, հարձակման արդյունքում մարմնական վնասվածք է ստացել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:

Հարձակման համար պատասխանատվությունը ՀԱԿ-ը բարդում է 7-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալաքսանյանի վրա:

 Ուշագրավ
---