Բրիտանացի հայտնի գրող Թոբի Լիթը կայցելի Հայաստան

Բրիտանացի հայտնի գրող Թոբի Լիթը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունում «Գրանտա» գրական հայտնի ամսագրի կողմից 2003 թվականին բրիտանացի 20 երիտասարդ լավագույն արձակագիրներից մեկը ճանաչված գրող Թոբի Լիթը Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ կայցելի Հայաստան:

Թոբի Լիթը Հայաստան է այցելելու մշակույթի նախարարության հրավերով, իսկ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ կհանդիպի հայ երիտասարդ գրողների հետ: Հանդիպման ընթացքում գրողները կքննարկեն համատեղ ստեղծագործ համագործակցության հեռանկարները, գրական աշխարհում միջազգային կապեր ձևավորելու հնարավորությունները:

Թոբի Լիթը ծնվել է Անգլիայում 1968 թվականին: Սովորել է Բեդֆորդի ժամանակակից դպրոցում, անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի Վոլչեստր քոլեջում, իսկ ստեղծագործ շարադրում` Արևելյան Անգլիայի համալսարանում: Նրա առաջին գիրքը` «Արկածներ կապիտալիզմում» կարճ պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1996 թվականին: «Ամենավառ երիտասարդ տաղանդը գրական ասպարեզում»,-գրքի լույս տեսնելուց հետո գրել է Independent-ը:

Մինչ օրս Թոբի Լիթը հեղինակել է 10 ստեղծագործություն: Նրա վերջին պատմվածքներն են «Ճանապարհորդություն դեպի տիեզերք» (2009թ.) և «Մահվան արքան» (2010թ.): Penguin հրատարակչատան «Մենք կպատմենք պատմություններ» ծրագրի շրջանակում Թոբի Լիթը գրել է ինտերակտիվ կարճ պատմվածքներ` օգտագործելով Livejournal-ի և Twitter-ի հնարավորությունները:

Գրական աշխատանքին զուգահեռ Թոբի Լիթը ստեղծագործ շարադրում է դասավանդում Բըրքբեքիում, Լոնդոնի համալսարանում: Երևանում գրողը «Ստեղծագործ շարադրման ուսուցում» թեմայով վարպետության դասընթաց կանցկացնի անգլերենի ուսուցիչների համար:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---