Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը նախընտրական քարոզչության այս շրջանում գործող նախարարներից ամենաակտիվը գյուղատնտեսության նախարարն է, ով հասկացել է, որ միայն իր կուսակցությանը պատկառելի քվեներ բերելու արդյունքում կարող է շարունակել նախարար աշխատել: Նա ինտենսիվ աշխատանք է տանում այդ ուղղությամբ և այս շրջանում շատ է այցելում մարզեր, նաև իր մոտ հաճախակի աշխատանքային խորհրդակցություններ է հրավիրում, որոնց ժամանակ ուղղակի կամ անուղղակի հասկացնում է, որ պետք է ձայներ բերեն ՕԵԿ-ին:
Բայց իր ենթակայության տակ աշխատողների մեջ շատ են այլ կուսակցությունների, մասնավորապես Հանրապետականի անդամները, ուստի ենթակաների և նախարարի միջև որոշ տարաձայնություններ են առաջացել:
Թերթին պատմել են անտառտնտեսություններից մեկի ղեկավարի հետ ծագած տարաձայնության մասին. անտառապետը բացահայտ քարոզչություն է արել ՀՀԿ-ի օգտին և արժանացել նախարարի հանդիմանությանը: Լուրը թերթը փորձել է ճշտել համակարգի աշխատողներից: Իջևանի անտառտնտեսության պետ, ՕԵԿ-ական Արծրունի Ղալթախչյանը թերթի հետ զրույցում ասել է. «Այսօր, ժամը 4-ին խորհրդակցություն է եղել, բայց ընտրությունների մասին խոսք անգամ չի եղել»: Իսկ Սևքարի անտառտնտեսության պետ, ՀՀԿ-ական Աշոտ Երիցյանը նշել է. «Նախարարը ժողով է արել, բայց ոչ մի կուսակցական հորդոր չի արել: Անտառի պահպանության թեմայով էր, աշխատանքային էր»: