Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն 2013 թ-ի նախագահական ընտրությունների գլխավոր փորձը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով քարոզարշավի առաջին կեսը, նա նշեց, որ այս ընտրապայքարը հայկական քաղաքական գաղափարական սնանկության արտացոլումն է, քանի որ կուսակցությունները գաղափարական հենքով հանդես չեն գալիս: «Ոչ մի քաղաքական ուժ, բացի դատարկ սոցիալական խոստումներից և մտահոգություններից, լուրջ գաղափարներ չի ներկայացնում, իսկ գաղափարախոսությունը քաղաքակնության աստվածն է, ինչպես հրետանին պատերազմի», -նշեց նա:
Հակոբյանը մեծ հարգանք է տածում իր ընտրատարածքում իշխանական ներկայաացուցիչների նկատմամբ, ու գոհ է ՀՀԿ-ականներից բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար: Մարքսիստը դա համարում է այս ընտրությունների ամենամեծ նվաճումը: Հակոբյանի խոսքով, ինքը քաղաքական ախոյան և մրցակից չունի, և եթե իշխանությունը հարգի ժողովրդի ընտրությունը, ապա 41-րդ մանդատը կլինի մարքսիստական:
«Տավուշցին իր պարտքը կկատարի սրբությամբ, քանի որ նրանք դեն են նետել կուսակցականության պիտակը»,- ասաց նա:
41-րդ ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանին մարքսիստը գաղափարական մրցակից չի համարում, քանի որ նրանք մտել են ընտրապայքարի մեջ՝ խախտելով ընտրական օրենսգրքի 65 հոդվածը: Նրա խոսքով, ընտրություններին քաղաքական պարտքը չկատարողները ոչնչացնում են ընտրարշավը: Նա առաջարկում է պատժել այդ քաղաքացիներին, հասարակությանը այս տեսակետից դաստիարակելու համար: Մարքսիստն իր քարոզարշավը կավարտի ապրիլի 28-ին:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):