Արգենտինական Վիսենտե Լոպեսում բացվեց Հայաստանի մշակույթի շաբաթը

Արգենտինական Վիսենտե Լոպեսում բացվեց Հայաստանի մշակույթի շաբաթը

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսում ապրիլի 22-24-ը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Կիրակի` ապրիլի 22-ին, Հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերին նվիրված պատարագ: Պատարագից հետո եկեղեցուն հարող «Արմենիա» անունը կրող հրապարակում կայացավ զոհերի հուշարձանին ծաղկեպսակի զետեղում: Ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներ, արգենտինահայեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ապրիլի 23-ին Վիսենտե Լոպես քաղաքում տեղի ունեցավ «Վիսենտե Լոպեսում Հայաստանի մշակույթի շաբաթ»-ի բացման արարողությունը: Միջոցառմանն այլոց թվում ներկա էր և ելույթ ունեցավ Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրին, որը, բարձր գնահատելով հայերի դերը երկրի կյանքում, դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց քաղաքային իշխանությունների աջակցությունը հայ համայնքին: Արարողությունից հետո տեղի ունեցավ հայտնի արգենտինահայ նկարիչ Խորխե Դեմիրճյանի նկարների ցուցահանդես և ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Վիսենտե Լոպեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ արգենտինահայեր:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին ելույթ ունեցավ Բուենոս Այրես քաղաքի կառավարության կրթության նախարար Էստեբան Բուլրիչը: Նա դատապարտեց մարդկության դեմ գործած նմանատիպ հանցանքները` կարևորելով զոհերի հիշատակը վառ պահելու առաքելությունը, ինչը շատ կարևոր է հետագայում նման ոճրագործությունները կանխելու համար:

Պատարագից հետո Է. Բուլրիչը և ՀՀ դեսպանության խորհրդական Հ. Հակոբյանը ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

Այնուհետեւ «Սիրանուշ» սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ձեռնարկ` Բուենոս Այրեսի քաղաքային իշանությունների ներկայացուցիչների, Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմի, արգենտինահայ հոգևոր առաջնորդների և մեծաթիվ արգենտինահայերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---