25 ապրիլի 2012 - 14:23 AMT
Արամ Սարգսյան. Քաղաքացիները հնարավորություն չեն ունենա նկարահանել քվեաթերթիկը

Ընտրակաշառք վերցնող քաղաքացիները հնարավորություն չեն ունենալու քվեախցիկում նկարահանել քվեաթերթիկը` պատվիրատուին ցույց տալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններին մասնակցող ութ քաղաքական ուժերը ստորագրել եմ մի փաստաթուղթ, որով քրեորեն արգելվում է քվեախցիկում նկարահանելը: «Մի շարք քաղաքական ուժեր քաղաքացիներին ավտոբուսներով են տանում ընտրության, ինչը խոսում է այն մասին, որ նրանք չեն վստահում իրենց ընտրողներին»,-ընդգծեց նա:

Սարգսյանը նշեց, որ ՀԴԿ-ից քաղաքացիները ոչինչ չեն պահանջում իրենց ձայնը տալու համար. «Քանի որ մենք քվե չենք գնում»: Նա ավելացրեց, որ պատրաստեն համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք կաշխատեն սոցիալ-տնտեսական խնդիրների ուղղությամբ: Սարգսյանի խոսքով` իրենք հաճույքով լսում են կուսակցության նախընտրական ծրագրի հետ կապված քաղաքացիների դիտողություններն ու առաջարկները, որոնք հիմնականում վերաբերում են նմանատիպ հարցերին: