19 մայիսի 2004 - 18:30 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐԲԱՐՈՍԱԲԱՐ ԱՎԵՐՎԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին եւ 1991-1994 թթ. ադրբեջանական ագրեսիայի շրջանում Լեռնային Ղարաբաղի տարածքում բարբարոսաբար ավերվել են Ղարաբաղի ճարտարապետական հուշարձանները: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Լեռնային Ղարաբաղի Հուշարձանների պահպանման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Նրա խոսքերով, 1988-91 թվականներին Շուշիում (մինչ ազատագրումը) ադրբեջանցիները երեք անգամ հրկիզել են 19-րդ դարի հայկական եկեղացական ճարտարապետության գլուխգործոց` Փրկիչ Քրիստոսի Ղազանչեցոց վանքը: Բացի այդ քանդվել է Ագուլեցոց եկեղեցու բազիլիկը, Կանաչ Ժամ եկեղեցին ենթարկվել է կոպիտ վերակառուցման եւ վերածվել հանքային ջրերի ստորասրահի, իսկ Մեղրեցոց եկեղեցին մասամբ քանդվել է եւ վերածվել ամառային կինոթատրոնի: Ադրբեջանցիները նաեւ ոչնչացրել են հազարավոր պատմական հուշարձաններ: Ղարաբաղցի ազգագրագետ Հրաչիկ Հարությունյանը պնդում է, որ 1962 թ. ականատես է եղել, թե ինչպես Շուշիի Ռուսական եկեղեցու (եկեղեցու անվանումը հայտնի չէ) շենքն օգտագործվել է կինոֆիլմերի ցուցադրման համար: Քաղաքի հնաբնակների ասելով, եկեղեցին գործել է 1820-1920 թվականներին: Խորհրդային տարիներին (մինչեւ 1963 թվականը) այն օգտագործվել է ինչպես կինոակումբ: Հետագայում ադրբեջանական իշխանությունները լիովին քանդել են ինչպես հայկական Ագուլեցոց, այնպես էլ Ռուսական եկեղեցիները, իսկ դրանց տեղում կառուցել Մշակույթի տուն եւ դպրոց, նշել է Հրաչիկ Հարությունյանը: