ՀԴԿ հանրապետական խորհրդի անդամ Արամ Գյուրջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախընտրական քարոզարշավը որակեց որպես թատերական ներկայացում: «Տեսնելով այն ճոխ շարասյունը, որով որոշ քաղաքական ուժերն այցելում են մարզեր և հանդիպում ժողովրդի հետ, հասկանում ես, որ նրանք այդպես էլ չեն հասկանում` ում մոտ են եկել, ում հետ են խոսում և ում ինչ են ցույց տալիս»,- ասաց բանախոսը՝ դա որակելով հարգանքի բացակայություն քաղաքացու նկատմամբ:
Նրա կարծիքով` քաղաքացիներին առաջարկվող ընտրակաշառքը, ահաբեկումներն ապացուցում են, որ քաղաքացին արժեք չունի քաղաքական ուժերի համար: Գյուրջյանը, լինելով հոգեբանական գիտությունների թեկնածու, դա որակում է որպես քաղաքացիների հանդեպ բարոյահոգեբանական ճնշում:
ՀԴԿ հանրապետական խորհրդի անդամը նաև դժգոհեց նախընտրական քարոզարշավից. «Չհամապատասխանեց այն ակնկալիքներին, ինչ սպասում էինք, որակական շարժ չտեսանք, բայց լրատվամիջոցները փորձեցին ապահովել հավասար դաշտ՝ չնայած այնտեղ էլ նկատվեց քննարկումների ու դեբատների պակաս»:
Բանախոսը նախընտրական քարոզարշավում ՀԴԿ-ի գործունեությունը համարում է բավարար: Նա նշեց, որ անկախ ամեն ինչից, մայիսի 7-ին նշելու են քաղաքացիական հասարակության հաղթանակը: