3 մայիսի 2012 - 15:44 AMT
Արմեն Աշոտյան. Ինձ լուսաբանելիս և անդրադառնալիս մամուլը երբեք կաշկանդվածություն չի դրսևորել

Վերջին տարիներին կարելի է արձանագրել խոսքի ազատության և մամուլի ազատության ավելի մեծ ցուցանիշ, անկախ միջազգային եզրակացությունից, ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը PanARMENIAN.Net ի թղթակցին Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսում: Նախարարը հավելեց. «Այսօր տոն է, ևս մեկ օր է, երբ պետական պաշտոնյան, չինովնիկը, քաղաքական գործիչը, հասարակ քաղաքացին պետք է հասկանա, որ խոսքի ազատությունը ժողովրդավար պետության բացառիկ պայմաններից մեկն է, բայց մյուս կողմից իհարկե մամուլն իր մեջ այլ օրերին էլ պետք է խնդիրներ փնտրի, որովհետև այդ խնդիրները տեսանելի են, որոշ դեպքերում պրոֆեսիոնալիզմի պակաս կա, որոշ դեպքերում` ինքնացենզուրայի»:

Խոսելով ներկայումս մամուլի ազատության մասին՝ Աշոտյանն ասաց, որ ինտերնետային մեդիաների աննախադեպ աճ կա: «Լրագրողների թիվն այսօր ավելի փոքր է, քան ԶԼՄ-ների թիվը: Սա էլ է խնդիր»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է իր անձի քննադատությանը մամուլում, Աշոտյանն ասաց. «Ինձ լուսաբանելիս և անդրադառնալիս մամուլը երբեք կաշկանդվածություն չի դրսևորել, ի դեպ անցնելով հաճախ նաև բարոյական հարթությունից այն կողմ: Վստահ եմ, որ նման վերաբերմունքի են արժանացել նաև Հայաստանի մյուս պաշտոնյաները: Կա քննադատություն, բովանդակային վերլուծություն կա, վիրավորանք` ցավոք սրտի կա, չստուգված ինֆորմացիայի սփռում` կա, այսինքն սուր է խոսքի ազատությունը, բայց երկսայր սուր է: Իրականում պետք է պատասխանատվությամբ վերաբերվել ազատությունը: Ազատության աստիճանն ասօր շատ ավելի բարձր է, քան պատասխանատվության զգացումը»: