3 մայիսի 2012 - 16:00 AMT
Այսօր Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Վիեննա

Այս գիշեր Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակությունը Գոհար Գասպարյանի գլխավորությամբ կմեկնի Վիեննա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց պատվիրակության ղեկավարը, նշելով, որ պատվիրակության կազմում են լինելու մասնակիցը` քանոնահար Նարեկ Գազազյանը, նրան նվագակցողը և ուսուցչուհին:

Կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունենալու մայիսի 5-ին և 6-ին, Նարեկը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչ փուլում: Եզրափակչին` մայիսի 11-ին մասնակցելու է 7 մասնակից:

Գոհար Գասպարյանը, խոսելով Նարեկի եզրափակիչ փուլ անցնելու շանսերի մասին, ասաց, որ հավանականությունը բավականին մեծ է, քանի որ 14 մասնակիցներից միայն նա է քանոն նվագում, և բացի այդ նա շատ տաղանդավոր է:

Մայիսի 5-ին Գազազյանը կատարելու է 3 ստեղծագործություն: Կիսաեզրափակիչ փուլերը չեն հեռարձակվելու եթերով: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Մրցույթն անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ: Այս տարի մրցույթին մասնակցում են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: Հայաստանը և Վրաստանը մրցույթին մասնակցում են առաջին անգամ: Ավստրիան այս տարի ներկայացնելու է հայազգի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: