Մալյանի և Արամի փողոցներում նորակառույց շենքերում բնակարանների համար վճարած, սակայն դրանք չստացած վեց քաղաքացիներ այս պահին ՀՀԿ կենտրոնական շտաբի մոտ նստացույց են անցկացնում: Նրանք իրենց հետ Սերժ Սարգսյանին ուղղված պաստառներ են բերել՝ նրան դիմելով և՛ որպես Հանրապետության, և՛ որպես կուսակցության նախագահ: «Մեր նամակները պատասխան չեն ստանում: Վերջին անգամ էլ Կարինե Աճեմյանին ենք խնդրել փոխանցել նամակը, նա էլ ասել է մայիսի 3-ին կպատասխանեն: Բայց այսօր ոչ մի պատասխան էլ չենք ստացել: Զանգահարեցինք, ասաց փոխանցել է նամակը Հովիկ Աբրահամյանին: Բայց նամակը ոչ թե նրան, այլ երկրի նախագահին էր ուղղված»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ լրագրող Սոնիկ Մաղաքյանը:
Նա հույս հայտնեց, որ եթե իրենց խոսքը Հանրապետության նախագահին չի հասել, գոնե կուսակցության նախագահին կհասնի: «Մեր տները կառուցվել են, բայց պարզվեց, որ մենք հիմա դրանց տասներորդ տերն ենք: Թող ՀՀԿ նախագահն իմանա, թե ինչ ռեկետ են անում իր կուսակիցները՝ Հովհաննես Հովսեփյանն ու մնացածը»,- ասաց Սոնիկ Մաղաքյանը:
Նստացույցի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ եթե իրենց չպատասխանեն. «Այնքան ենք նստելու ու սպասելու, մինչև պատասխանեն, իսկ եթե չպատասխանեն՝ մեխը կխփեմ, պատից կկախվեմ, կգաք կնկարեք»: