«Խորհրդարան կմտնեն 5 քաղաքական ուժեր`ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն», ՀՅԴ: ՀԱԿ-ի խնդիրը մի քիչ պրոբլեմատիկ է: Կոալիցիան կվերականգնվի, քաղաքական ուժերը կմոռանան միմյանց հասցեին հնչեցրած անպարկեշտ հայտարարությունները և միասին կկառուցեն նոր Հայաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նա, խոսելով քարոզարշավի վերջին արդյունքների մասին նշեց, որ եթե ԲՀԿ-ն չմտնի Հանրապետականի հետ կոալիցիայի մեջ, ապա հինգ տարով խաղից դուրս կմնա:
Սոցիոլոգի խոսքով` առավել հաջող ընթացավ ՀՀԿ-ի քարոզարշավը, որը պահպանեց իր ընտրազանգվածը, և ԲՀԿ-ի քարոզարշավը, որն ավելացրեց իր ընտրազանգվածը: Սոցիոլոգի կարծիքով` հաջող էին նաև ՕԵԿ-ի, «Ժառանգության» և Դաշնակցության քարոզարշավները, չնայած, որ վերջինս միտումնավոր կերպով ուշ մտավ խաղի մեջ՝ նախ լսելով մրցակից կուսակցություններին:
Ըստ նրա` անհաջող էր միայն ՀԱԿ-ի քարոզարշավը, որը մոտ երեք անգամ կորցրեց իր ընտրազանգվածը: Սոցիոլոգը հարցականի տակ դրեց ՀԱԿ-ի խորհրդարան անցելը, որը դաշինք լինելով պետք է հավաքի 7 տոկոս ձայներ, բայց սոցիոլոգը կասկածներ ունի այդ հարցում:
«Քաղաքական ուժը պիտի հեռանկար ապահովի, այդ առումով Րաֆֆին խելամտորեն կիրառեց ամերիկյան տեխնոլոգիաները: Նա հանդես գալով որպես ամերիկյան boy, որի հետ կարող ես գնալ մի բաժակ բան խմելու, ավելի շատ ձայներ կբերի իր կուսակցությանը, քան ՀԱԿ-ի ողջ թիմը», - ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանի համոզմամբ, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարբերությունը կլինի տաս տոկոս, այդ առումով մրցակից ԲՀԿ-ի առկայությունը քաղաքական դաշտում կխորացնի քաղաքական մրցակցությունը, հետևապես նաև` ժողովրդավարական գործընթացները Հայաստանում:
Սոցիոլոգը խորհրդարանական ընտրություններն առաջիկայում սպասվող նախագահական ընտրությւոնների նախափուլ համարեց, նշելով, որ սրանից է կախված հաջորդ նախագահական ընտրությունները, և զարմանալի չէ, որ ՀՀԿ-ի քարոզարշավը սկսեց վարչապետը, բայց այն շարունակեց և իր կապերը քաղաքացիների հետ ամրապնդեց նախագահն անձամբ, հող նախապատրաստելով առջիկա նախագահական ընտրությունների համար: Հարցումներն անցկացվել են բոլոր 10 մարզերում, 1650 հոգու շրջանում: