3 մայիսի 2012 - 19:45 AMT
Երևանում մեկնարկել է ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը ընտրություններից առաջ

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հանրահավաքը բացել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ ՀԱԿ-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 10-ին Ապարանում և ավարտել մայիսի 1-ին Գյումրիում: Նա նշել է քարոզարշավի հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել քաղաքացիներին դրա համար: «Կեցցե'ն Հայաստանի քաղաքացիները, ովքեր իրենք են որոշում իրենց ապագան»,- ասել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):