Ոստիկանությունը պարզել է փուչիկները լիցքավորած և հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է փուչիկները լիցքավորած  և հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունը

PanARMENIAN.Net - 2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Անմիջապես դեպքին հաջորդած ժամանակահատվածում կատարվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ միջոցառումներ, դեպքի վայրի զննություն, ճշտվել են պատահարից տուժած անձանց տվյալները, քննվել են 94 անձինք, նշանակվել է 90 դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են բուժհաստատություններում գտնվող համապատասխան փաստաթղթերի զննություններ, ստացվել և ուսումնասիրվել են տեսաձայնագրություններ, իրականացվել են բազմաբնույթ օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք: Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված բացատրությունների և ձեռք բերված այլ նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում բավարար հիմքեր են ձեռք բերվել, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշվածնյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ:

Միաժամանակ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական` ինքնաբռնկվել, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:

Նախաքննության մարմինը ձեռնարկում է մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավորինս օպերատիվ վերականգնվում են դեպքի բոլոր հանգամանքները և հստակեցվում են դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակները: Այս առումով կարևոր ապացուցողական նշանակություն կունենան նաև նշանակված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննությունների արդյունքները:

Նախաքննության մարմինը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները առավելագույն սեղմ ժամկետում պարզելու դեպքին առնչվող անձանց, նրանց գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---