6 մայիսի 2012 - 14:31 AMT
Վստահված անձ. Հաշմանդամը քվեարկել է քվեարկության խցիկից դուրս՝ հանձնաժողովի անդամների ներկայությամբ

Կենտրոն համայնքի Աճառյանի անվան դպրոցում տեղակայված 10/08 ընտրատեղամասից «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Տաթևիկ Ստեփանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ականատես է եղել քվեարկության անցկացման կարգի խախտման. «Հաշմանդամը քվեարկեց քվեարկության խցիկից դուրս՝ հանձնաժողովի անդամների ներկայությամբ»,-ասաց վստահված անձն, ավելացնելով, որ խախտումն արդեն արձանագրել է: Նա նաև տեղեկացրեց, որ եղել են ընտրախախտումների մի քանի այլ դեպքեր, մասնավորապես ընտրության եկած մարդը հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն քվեարկած է, բայց այս փաստը Տաթևիկ Ստեփանյանը հաստատել չի կարող, քանի որ տվյալ պահին ընտրատեղամասում չի եղել:

Խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին Կենտրոն համայնքի մեկ այլ՝ Գրիբոեդովի անվան թիվ 157 դպրոցում տեղակայված 10/07 ընտրատեղամասում խախտումներ կամ որևէ այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել:

Ինչպես PanARMENIAN.Net-ի լրագրողին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդգար Աբրահամյանը, ժամը 13:00-ի դրությամբ տեղամասում ընտրությոններն ընթանում են նորմալ, կուտակումներ չեն եղել, ընտրակեղծիքներ դեռ չեն արձանագրել:

Ընտրատեղամասում տվյալ պահին կա մեկ տեղական անկախ դիտորդ, որը հրաժարվեց մեկնաբանել ընտրությունների ընթացքը: