Խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պարտավոր է նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշին և վարչական ռեսուրսին, գտնում է տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա, ինքն ակնկալում էր, որ ՀՀԿ-ն մոտ 40 տոկոս կհավաքի, սակայն կոնկրետ թիվը կախված էր կուսակցության աշխատանքից մարզերում:
Ըստ Քոչարյանի, նրա համար անակնկալ էր այն, որ «Օրինաց երկիրը» անցավ խորհրդարան՝ հեգնանքով նշելով, որ «ինտերնետում մենք շատ ենք որոնում ՕԵԿ-ի կողմնակիցների»:
Ինչ վերաբերում է կոալիցիոն ԲՀԿ-ի երկրորդ տեղին, ապա փորձագետը նշել է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասին ջախջախիչ հաղթանակ տարավ այս ընտրություններում: Նա նշեց, որ ԲՀԿ-ն կարողացավ տանել ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի մասի ձայները ՀԱԿ-ից:
«Ժառանգության» վերաբերյալ Քոչարյանն ասաց, որ իր քվեներով կուսակցությունը պարտական է Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակությանը: Նա նաև նշեց, որ կուսակցության օգտին է քվեարկել նաև քաղաքացիական հասարակությունը: