Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ մեկնաբանել է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:
Նա նշել է, որ այս անգամ հաստատվեց իմ այն պնդումը, որ «Հայաստանում ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը»:
Տեր-Պետրոսյանի խոսքով` այս ընտրությունների ժամանակ իշխանությունները դիտորդների զգոնությունը բթացնելու համար հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։
«Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն»,- նկատել է ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավարը:
Ընդ որում նա հավելել է, որ անկախ ամեն ինչից «Հայաստանի իշխող վարչախումբը մնացել է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը»:
Տեր-Պետրոսյանը հայտնել է նաև, որ պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին, որն իր ձայնը տվել է Կոնգրեսին: Նա ընդգծել է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար, և «ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու»:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին ընտրություններին, ապա, ՀԱԿ-ի ղեկավարի խոսքով, հանուն իր աշխարհաքաղաքական շահերի և կայության տարածաշրջանում այն զոհաբերեց ժողովրդավարությունը Հայաստանում: