12 մայիսի 2012 - 11:18 AMT
Երևանում բացվել է Սողոմոն Մելիքյանի փայտե քանդակների ցուցահանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում մայիսի 11-ին կայացել է քանդակագործ Սողոմոն Մելիքյանի փայտե քանդակների ցուցահանդեսի բացումը: Արվեստի միությունից հայտնում են, որ ցուցահանդեսը կրում է «Կյանքի արմատ» խորագիրը:

«Նյութի մեծ մասը ծառի արմատներն են: Ես դրանք դեն չեմ նետել, նորից կյանք եմ տվել: Աշխատել եմ շատ չմշակել դրանք, թողնել այնպես, ինչպես կան, քանի որ բնությունն է կատարյալ ստեղծագործողը»,-ասել է Սողոմոն Մելիքյանը` հավելելով, որ ինքը երբեք չէր մտածի, թե ցուցահանդես կարող է ունենալ:

Ցուցահանդեսի բացմանը ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը Ս. Մելիքյանին է հանձնել խորհրդանշական նվերները` հայտնելով, որ ուրախ է ՆԱՄ հյուրընկալ տանիքի տակ տեսնել բնության և մարդու համատեղ այս հազվագյուտ ստեղծագործությունները : Ս. Մելիքյանի աշխատանքները կցուցադրվեն նաև այսօր՝ մայիսի 12-ին: