Հայաստանի ԱԳ նախկին նախարար և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը բացասաբար է արտահայտվել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելուց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելու վերաբերյալ: Facebook սոցիալական ցանցում իր էջում Օսկանյանը գրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Չիկագոյում փայլուն առիթ է Հայաստանին հուզող խնդիրները այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու:
Օսկանյանի խոսքով` ինքը խնդիր չէր տեսնի, եթե նախագահի` գագաթաժողովին չմասնակցելու մեկնաբանությունը չլիներ այն, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին:
Այս կապակցությամբ ԱԳ նախկին նախարարը նշել է. «Այդ մեկնաբանությունը պարտվողական դիրքորոշում է: Ճիշտն այն է, ինչ Ադրբեջանը կուզեր, որ Հայաստանը այդպես հասկանար: Երկրորդ, սա ինքնմեկուսացման ամենակարճ ճանապարհն է: Երրորդ, ԼՂ հարցի կարգավորումը ՆԱՏՕ-ին չի վերապահված, ուստի նրա կողմից ձևակերպումը չի կարելի որպես հիմք ընդունել»:
Օսկանյանը նկատել է, որ եթե նման ձևակերպում հայտնվեր ԵԱՀԿ փաստաթղթերում, միգուցե Հայաստանի արձագանքը հասկանալի լիներ: ՆԱՏՕ-ի հռչակագրում չի ասվում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ընդամենը արձանագրում է երկրների այսօրվա դե յուրե իրավիճակը:
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ: