22 մայիսի 2012 - 16:54 AMT
Բնապահպաններն ահազանգում են, որ Դալար գետի վտակներից մեկի վրա շինարարություն է իրականացվում

«Բնապահպանություն» ֆեյսբուքյան խումբը և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` պահանջելով անմիջապես համապատասխան միջոցառումներ ձեռնարկել «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքով հոսող Դալար գետի վտակներից մեկի վրա իրականացվող շինարարությունը դադարեցնելու և

բնությանն արդեն իսկ հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:

«2012 թվականի մայիսի 21-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք անվանակոչված են «Dalarik river, Armenia» և որտեղ ներկայացված են ինչ որ օբյեկտի կառուցման մանրամասներ: Լուսանկարներից պարզ երևում է որ ներկայացված վտակի ափին կառուցվում է ինչ որ փայտե կառույց և գետի որոշակի հատվածն իր շրջակայքով ցանկապատված է, վտակի մի մասում հունն ամբողջովին ավիրված է, ջուրը ամբողջությամբ հոսում է մետաղական խողովակի միջով, վտակի հունում կատարված են բետոնապատման աշխատանքներ ենթադրաբար արհեստական լճակի, ՀԷԿ-ի կամ նմանատիպ այլ օբյեկտի կառուցման նպատակով:

Մեր կարծիքով, տեղի է ունեցել տվյալ հատվածի էկոհամակարգի խախտում, վտակի հունի և ափերի ավիրում, հետևաբար շրջակա միջավայրին հասցվել է որոշակի վնաս: Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն արդյո՞ք տվյալ շինարարությունն իսկապես իրականացվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքում, ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը, շինարարությունն իրականացնողն ունի՞ համապատասխան թույլտվություններ, այդ թվում՝ շինարարություն իրականացնելու, վտակի հունը փոփոխելու և տարածքը ցանկապատելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։