22 մայիսի 2012 - 19:12 AMT
Պարզվում է` դրամը որոշեց սպասել մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը

ԱՄՆ դոլարի դիմաց հայկական դրամի միջին փոխարժեքը մեկ ամիս շարունակ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից զսպվում էր 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամ «հոգեբանական սահմանին», գտնում է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: «Այդ մակարդակը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները, որոնք իրենց հերթին պայմանավորված էին մայիսյան քաղաքական սպասումներով»,- ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Այս կապակցությամբ մասնագետը հավելել է, որ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեծ բախումների և դժգոհությունների չհանգեցրին, ՀՀ ԿԲ-ն «շուկային USD/AMD զույգի փոխարժեքի ձևավորման ազատություն տվեց»: Ինչպես պարզաբանել է Արամ Կայֆաջյանը, այս կապակցությամբ ներկա պահին պահանջարկը շատ բարձր է, փոխարժեքը սկսել է աճել: «Մայիսի 22-ին փոխարժեքը, հնարավոր է, հատեր 405 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանը, եթե 20 մլն USD չափով ներարկում չլիներ»,- նշել է նա:

Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 20 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 401,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 401,26 դրամ: Մայիսի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 401,07 դրամ`մայիսի 21-ի համեմատ ավելանալով 2,28 կետով: