23 մայիսի 2012 - 10:07 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ն «մաքրել»-պատրաստել է իր ցուցակը և այսօր կամ վաղը կներկայացնի ԿԸՀ

«Հրապարակ» թերթը գրում է, որ Երեկ ԲՀԿ-ն վերջնական «մաքրել»-պատրաստել է իր ցուցակը և այսօր կամ վաղը կներկայացնի ԿԸՀ: «Երեք օր շարունակ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում ցուցակում մնացածների և դուրս եկողների հետ: «Ըմբոստներից» ցուցակում չկա միայն Հմայակ Հովհաննիսյանը. Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները», որից հետո Հմայակը շատ տխուր հեռացել է Ծառուկյանի աշխատասենյակից: Չար լեզուներն ասում են` նա հրաժարվել է դիմում գրել, սակայն Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո գրել է: Ինչ վերաբերում է մյուս «ըմբոստներին»` կոալիցիային դեմ արտահայտվածներին, ապա Վահե Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում է գրել, սակայն ապագա պատգամավորների ցանկի մեջ է. ասում են` առայժմ: Իսկ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը դիմումներ չեն գրել: Էլի ասում են` առայժմ: Դիմում գրածներից Ռուբեն Գևորգյանին Ծառուկյանը կանչել և ասել է, որ նա մանդատ է ստանալու: Մանդատ չի ստանա Թամարա Պողոսյանը, կստանան Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, նաև Արագած Ախոյանը»,- գրում է պարբերականը: