25 մայիսի 2012 - 12:27 AMT
Հրաչյա Բերբերյանը մեղադրում է գյուղնախարարությանը գյուղացիներին վատորակ ցորենի սերմեր տրամադրելու մեջ

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը համարում է, որ հենց գյուղատնտեսության նախարարության պատասխանատու մարմիններն են մեղավոր նրա համար, որ գյուղացիներին բաժանվել է անորակ, վարակված, 4-5 տարվա վաղեմության ցորենի սերմ` էլիտար սորտի սերմերի փոխարեն: «Կառավարական ծրագրերը ձախողվեցին այն պատճառով, որ նախարարության պատասխանատուներն իրենց են պահել որակյալ սերմերը»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

2010-2014թթ սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, գյուղացիները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից պետք է ստանային էլիտար սորտերից ստացված սերմատեսակներ: Սակայն ֆերմերներից բողոքներ են ստացվել այդ սերմերի որակի վերաբերյալ, մասնավորապես` Սիսիանի ֆերմերներից: Այս առնչությամբ Հրաչյա Բերբերյանն ընդգծել է, որ ցորենի էլիտար սերմերը, որոնք ներկրվել են Ռուսաստանից, շատ լավ արդյունք են տվել` 1 հա-ից 4-4.5 տոննա:

2010-2011թթ Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 1950 տոննա ցորենի էլիտար սերմեր և գյուղացիներին բաժանվել` ½ վերադարձման պայմաններով, բացի այդ, սերմեր են ներկրվել նաև Ուկրաինայից:

Ինչպես ներկայացրել է մասնագետը, հայ ֆերմերները անգամ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները` Հայաստանում «Գյուղատնտեսական արտադրանքի» մասին օրենքի բացակայության պատճառով: