Ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն գտնում է, որ եվրոպական երկրների առաջնորդները չպետք է բոյկոտեն Եվրո-2012-ը Ուկրաինայում ժողովրդավարական նորմերի չպահպանման պատճառով, սակայն կարող են բողոք հայտնել, խաղերին ժամանել ոչ պաշտոնապես:
«Եվրոպայի առաջնությունն Ուկրաինայի համար շատ կարևոր իրադարձություն է: Արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները բոյկոտի մասին կարող են բացասական հետևանքներ ունենալ մեր երկրի համար, սակայն ակնկալվող քաղաքական արդյունքը չեն տա, ուկրաինական իշխանություններն առավել ժողովրդավարական չեն դառնա Եվրոյի բոյկոտի արդյունքում»,-Կլիչկոյի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ըստ նրա, խաղերի բոյկոտը արդյունք չի տա: Պետք է բոյկոտել ոչ թե երկիրն ու նրա քաղաքացիներին, այլ կոնկրետ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են կոնկրետ որոշումների համար:
«Յուրաքանչյուր թիմ սպասում է իր երկրպագուներին: Այս դեպքում քաղաքական գործիչների այցերը կարող են ոչ պաշտոնական լինել, նրանք կարող են նստել տրիբունաներում երկրպագուների հետ, երկրպագել իրենց թիմին ու չհանդիպել Ուկրաինայի ղեկավարության հետ»,-գտնում է Կլիչկոն: