Ազգային նոր պահպանողական շարժումը մեծ ոգեորությամբ ողջունում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական վերնախավի կայացրած որոշումը կոալիցիոն կառավարությունից դուրս գալու վերաբերյալ, ասվում է ԱՆՊՇ նախագահ Էդգար Հելհելյանի հայտարարության մեջ: Նա նշում է, որ այս որոշումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու որ ԲՀԿ կարգախոսը կուսակցության ղեկավարության համար սոսկ կարգոխոս չէ այլ` գործելաոճ: Այս որոշումը բարոյական առումով ճիշտ էր և քաղաքական առումով արդարացված: ՀՀ իրական ընտրողների հիսուն տոկոսից ավելիի քվեն վաստակած կուսակցությունը պետք է և պարտավոր է ստանձնել ինքնուրույն քաղաքական կուրս և կրել պատասխանատվություն իրեն վստահած հարյուր հազարավոր քաղաքացիների առջև:
«Միաժամանակ շնորհավորում ենք ԲՀԿ-ին Խորհրդարանական ընտրություններում տարած իրական հաղթանակի համար և մաղթում բեղմնավոր աշխատանք հանուն Հայաստանի Հանրապետության և Հայ ժողովրդի: Կարծում ենք, որ ԱԺ ընտրություններում տարած աներկբա հաղթանակը նոր հեռանկարներ կբացի ԲՀԿ համար և հնարավորության կտա նրան առաջիկա նախագահական ընտրություններում ներկայանալ սեփական թեկնածուով»,-ասվում է հայտարարության մեջ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:
Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:
ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը»: